07 / Մայիս / 2023 : 15-49

Նա միշտ քայլում էր կնոջ հետ թևանցուկ, նրանց 51-ամյա սերը միշտ բոլորիս ստիպում էր ժպտալ. Գիտնականը, որի ներդրումը մեծ է մեր պետականաշինության գործում. Կառլեն Օգսենի Հովնանյանն այսօր կդառնար 85 տարեկան

Նա միշտ քայլում էր կնոջ հետ թևանցուկ, նրանց 51-ամյա սերը միշտ բոլորիս ստիպում էր ժպտալ...մինչև կիմանայինք, որ այդ կնամեծար ու իր ինտելեկտով փայլող մարդը գիտնական է՝ իր մեծ ներդրումն ունի բժշկական համակարգում, մենք նրան անվանում էինք Կառլեն պապիկ և միշտ ժպտում նրա կատակներից, հիանում խորը վերլուծություններով; Պարզ երևում էր, որ իր կյանքի մեծ ձեռքբերումներից է նաև ընտանիքը, որը պետականաշինության հիմքում է՝ ազնիվ, նվիրված. Կինը, որին ինքն այդպես փայփայում էր, 40 տարի աշխատել է առողջապահական համակարգում: Դուստրը՝ Մարգարիտա Կառլենի Հովնանյան, հարգված և սիրված բժշկուհի է, հոր գենի կրողը, իր կյանքի 25 տարիներն արդեն իսկ նվիրել է բժշկությանը:

Ու այսօր որոնում ենք այդ անուն ազգանունը համացանցում՝ Կառլեն Օգսենի Հովնանյան... և Ձեզ ենք ներկայացնում նրա մասին պատմող հոդվածը:

Հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համաճարակաբանության և հիգիենայի՝ հետագայում Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտի բազայի հիման վրա դեռևս Խորհրդային Միության տարիներին կառավարության որոշմամբ ստեղծված էլեկտրոնային միկրոսկոպիայի՝ այդ տարիների խոշորագույն համարվող լաբորատորիայի հիմնադիր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էլեկտրոնային միկրոսկոպիայի լաբորատորիայի վարիչ, Հայաստանում բժշկակենսաբանական բնագավառում էլեկտրոնային միկրոսկոպիայի ոլորտի հիմնադիր, էլեկտրոնային միկրոսկոպիայի հայկական ընկերության նախագահ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող, շուրջ 200 գիտական աշխատասիրությունների, նորարարական առաջարկությունների և մեթոդական ձեռնարկների հեղինակ, կենսաբանական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս, երջանկահիշատակ Կառլեն Օգսենի Հովնանյանի ծննդյան օրվան: Այսօր՝ մայիսի 7-ին, նա կդառնար 85 տարեկան:

Կառլեն Հովնանյանի հակումը գիտական աշխատանքի նկատմամբ դրսևորվեց դեռևս անցյալ դարի 50-ական թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանում /նախկինում ինստիտուտ/ ուսանելու տարիներին։ Որպես գիտնականի` նրա ձևավորման գործում մեծ դեր է խաղացել ականավոր գիտնական-մանկավարժ, ԽՍՀՄ- ում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործիչ, ականավոր համաճարակաբան, ակադեմիկոս Արտո Բոգդանի Ալեքսանյանը։ Ավարտելով ԲՈՒՀԸ՝ Հովնանյանը որպես բժիշկ աշխատանքի է անցնում հանրապետության հակահամաճարակային կայանում և ապա՝ Հանրապետական հակապալարախտային դիսպանսերի վիրաբուժական բաժանմունքում: Հակումը և հետաքրքրությունը հիմնարար գիտական աշխատանքների նկատմամբ նրան բերում է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի ասպիրանտուրա՝ մանրէաբանություն մասնագիտությամբ, որտեղից էլ գործուղվում է Մոսկվա՝ ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի Ն. Ֆ. Համալեյայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ինստիտուտի մեր հայրենակից, հանրաճանաչ գիտնական, պրոֆեսոր Արշալույս Արամի Ավագյանի կողմից ղեկավարվող ախտածին միկրոօրգանիզմների կազմաբանության բաժին։ 1968 թվականին Մոսկվայում մեր հայրենակիցը փայլուն պաշտպանում է թեկնածուական թեզը սպիրոխետոզների և էվոլյուցիոն տարբեր մակարդակների վրա գտնվող մակրոօրգանիզմների փոխներգործությունների սուբմիկրոսկոպիկ թեմայով։

Կ. Օ․ Հովնանյանի նախաձեռնությամբ 1968թ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համաճարակաբանության և հիգիենայի՝ հետագայում Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտի բազայի հիման վրա Խորհրդային Միության տարիներին կառավարության որոշմամբ ստեղծվեց էլեկտրոնային միկրոսկոպիայի՝ այդ տարիների խոշորագույն համարվող լաբորատորիան: Նրա՝ որպես գիտության կազմակերպչի, տաղանդը փայլուն կերպով դրսևորվեց վարակների, բակտերիաների և նախակենդանիների սուբմիկրոսկոպիկ առանձնահատկություններին նվիրված համամիութենական գիտաժողովի կազմակերպման գործում: Լինելով էլեկտրոնային միկրոսկոպիայի հայկական ընկերության անդամ և հետագայում նախագահ՝ նա մեծ աշխատանք է կատարում գիտության այդ բնագավառում:

Իր կյանքի վերջին չորս տարին և մինչ կյանքի վերջին օրը նա աշխատեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում: Շնորհիվ նրա և իր գործընկերների անդուլ ջանքերի՝ Միկրոսկոպիայի հայկական ընկերությունը դարձավ Միկրոսկոպիայի միջազգային ֆեդերացիայի և Միկրոսկոպիայի Եվրոպական ընկերության լիիրավ անդամ։ Հովնանյանը շուրջ 200 գիտական աշխատասիրությունների, նորարարական առաջարկությունների և մեթոդական ձեռնարկների հեղինակ է: Կ. Հովնանյանը մեծ մասնակցություն է ունեցել հանրապետական, համամիութենական, միջազգային բազմաթիվ գիտաժողովներում և համաժողովներում, ինչպես Խորհրդային Միության, այնպես էլ աշխարհի մի շարք քաղաքներում՝ Մոսկվա, Սանտ Պետերբուրգ, Կիև, Տալին, Թբիլիսի, Կանկուն, Բեռլին, Դրեզդեն, Վիեննա, Դավոս, Վաշինգտոն, Կանազավա և այլն:

Միկրոսկոպիայի համաշխարհային ֆեդերացիայի և եվրոպական ընկերության, ինչպես նաեւ միկրոսկոպիստների, մակաբուծաբանների եվրոպական ընկերությունների անդամ էր։ Իր ընթացիկ գիտական հետազոտություններին զուգահեռ՝ գիտնականը կարողացավ ամփոփել իր տարիների գիտահետազոտական աշխատանքների արդյունքները և հաջողությամբ պաշտպանել դոկտորական թեզը․ փայլուն մի աշխատություն, որը բոլորովին նոր խոսք էր միկրոօրգանիզմների կազմաբանության և մակաբուծության էվոլյուցիոն տեսության բնագավառում։
Կառլեն Հովնանյանը այն եզակի անհատներից էր, ով առանձնանում էր մարդկային բարձր արժեքներով, իր գործին, իր հայրենքին նվիրվածությամբ ու անսահման համեստությամբ:

Բայց, որքան էլ նա լռեր իր մարդասիրական քայլերի մասին, բարեբախտաբար, կան մարդիկ, որոնք այսօր սիրով ու ակնածանքով պատմում են մեծանուն գիտնականի, մեծ հայի կերպարի մասին:
Կառլեն Հովնանյանի մասին իր հուշերով մեզ հետ կիսվել է նրա հետ աշխատանքային երկարատև ուղի անցած, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի բաժնի վարիչ,
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կենդանական ծագման հումքի և մթերքի վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Աստղիկ Փեփոյանը:

«Կառլեն Օգսենի Հովնանյանին ճանաչում եմ դեռևս Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից՝ 2000-ականներից։ Միասին ապրել ենք բավականին երջանիկ, «արարիչ» օրեր՝ լցված գիտական ստեղծագործական բուռն քննարկումներով՝ հաջողված, երբեմն նաև չհաջողված համատեղ գիտափորձերով, որոնք հիմք էին հանդիսանում նոր, ավելի խորը գիտական հետազոտությունների։ Կենսաբանական գիտությունների դոկտոր Կառլեն Հովնանյանը մեծ մարդ էր՝ միջազգային բարձր ճանաչմամբ գիտնական, հրաշալի ընկեր և, ինչպես ինքն էր ասում, պարզապես հայրենասեր մարդ։

Գիտության մեջ ամենակարևորը գաղափարն է՝ կա գաղափար, լուծում գտնելն արդեն դառնում է տեխնիկական խնդիր։ Գիտնական Կառլեն Հովանանյանի ուժը հենց նոր գաղափարների մեջ էր։ Նրան պարզապես պետք էր թևեր տալ, և նա հստակ կարող էր, նրա միտքն ի զորու էր մեծ գիտական նվաճումների հասնել։ Առաջին անգամ նրա կազմակերպչական ջիղը նկատեցին, ցավոք, արտերկրում, երբ Շվեյցարիայի Դավոս քաղաքում մասնակցում էինք եվրոպական միկրոսկոպիստների գիտաժողովին, որը կազմակերպվել էր Եվրոպական Միկրոսկոպիայի միության կողմից․ Այդ տարիներին Կառլեն Հովնանյանը Հայաստանի Միկրոսկոպիստների միության նախագահն էր։ Գիտաժողովին մասնակցում էին ավելի քան 650 գիտական պատվիրակներ և 700-ից ավելի ցուցահանդեսային փորձագետներ՝ աշխարհի 36 երկրներից:
Հիշում եմ, թե ինչպես բոլոր մասնակիցների մեջ մեզ, ի դեմս Կառլեն Հովնանյանի, համաժողովի նախագահը առանձնակի խանդավառությամբ ընդունեց:

Իր մասնագիտական շրջապատում Կառլեն Հովնանյանը լրիվ այլ մարդ էր, ոգեշնչված և ոգեշնչող գիտնական․ այսպես ներկայացրեց նրան պրոֆեսոր Nick Schryvers-ը՝ Միկրոսկոպիստների միության քարտուղարը։ Կոնֆերանսը տևեց 4-5 օր։ Կոնֆերանսի ողջ ընթացքում Հայաստանը կոնֆերանսի կազմակերպիչների, լավագույն միկրոսկոպիստների ուշադրության կենտրոնում էր, բուռն գիտական քննարկումների մեջ․ նրանք պարզապես ապշած էին Հայաստանի գիտական հզորությամբ։ 2016 թվականին Լիոնում կայացած համաժողովի միկրոսկոպիստների կոնֆերանսին Կառլեն Օգսենիչի պատրաստած մասնագետների պնդմամբ բացառիկ գիտական նմուշներն ուսումնասիրվեցին «ցուցահանդեսային մանրադիտակներով»՝ տեղում ձևակերպվեց մեր նոր բակտերիալ նանոկառուցվածքներին վերաբերող աբստրակտը, որը նախատեսվում էր « մեծ հոդված դարձնել։

Չգիտեմ, գուցե և արմատներով վանեցի լինելն էր նաև Կառլեն Հովնանյանի մեծ հայրենասիրության դրդապատճառը:
Կոնֆերանսների ժամանակ Կառլեն Օգսենիչը երբեք չէր շեղվում հիմնական նպատակից, միշտ տեղում էր՝ սեփական անձի և հայրենիքի նկատմամբ մշտապես պատասխանատվությամբ լեցուն։

2005-2006 թվականներին Հայաստանում գիտության մեջ վարչական բնույթի փոփոխություններ տեղի ունեցան։ Խելացի, հայրենասեր մարդու համար պարզից էլ պարզ էր, որ այդ մեխանիկական փոփոխությունները լավ բանի չեն բերելու, ավելին՝ դրանք տանում են մեզանում գիտության և կրթության մակարդակի կտրուկ վատթարացմանը, ավելին՝դրանք սպառնալիք են երկրի ապագայի համար։ Այդպես էր մտածում և Կառլեն Հովնանյանը։ Սարսափում էինք Հայաստանի նման փոքր երկրի համար «դատարկ» գովազդի չափերից և ձևից, ինչը գրավել էր գիտությանը և ԳԱԱ-ին, իսկ հետագայում՝ նաև ամբողջ երկիրը: Բայց Հայաստանը լքելու վերաբերյալ խոսք անգամ չկար։ Վերջին ժամանակներում էլ շատ մտահոգված էր ԳԱԱ-ի «լուծարմանը» վերաբերող խոսակցություններով։ Ասում էր, որ ԳԱԱ-ն, անշուշտ, լուրջ վերափոխումների կարիք ունի, բայց սխալ է գիտության այս կաճառը լուծարելը։ Մտահոգված էր երիտասարդների կրթությամբ, գիտության ապագայով․․․Որքան էլ դառնանում էր ներկայից, միշտ զարմանալիորեն լավատես էր, առաջ նայող, ստեղծագործ․․․ Այդպիսին էր մեր Կառլեն Օգսենիչը, զգայուն, երբեմն անհանդուրժող, բայց խորաթափանց և հայրենասեր գիտնականը»,- իր խոսքի ավարտին նշեց տիկին Փեփոյանը։

Կառլեն Հովնանյանն իր էությամբ կյանքը հաստատող անձնավորություն էր։ Այսօր շատերն են իրավամբ հպարտանում, որ ճանաչել են նրան, նրա հետ ճանապարհ անցել: Երկրում տեղի ունեցող որևէ իրադարձությունից անմասն չէր, միշտ հայրենիքի հոգսերին արձագանող, այդ հոգսերով ապրող ու մտահոգ մարդ էր։ Նրա գիտական ժառանգությունը զգալի ազդեցություն է ունեցել հայ բժշկագիտական մտքի հետագա զարգացման, ինչպես նաև երիտասարդ սերնդի մի շարք գիտնականների մասնագիտական հայացքների ձևավորման վրա:
Հատուկ սեր էր տածում երիտասարդ ուսումնատենչ կադրերի հանդեպ, անշահախնդիր խրախուսում էր և օգնում բոլորին և այդ ամենը՝ առանց ցուցադրման: Մարդու մեջ բարձր էր գնահատում աշխատասիրությունը, ճշտապահությունն ու պարկեշտությունը, պատասխանատվության զգացումը, օժտված էր հայ մարդուն զարդարող հատկանիշներով, մարդկային-բարոյական բարձր նկարագրի տեր էր, բարեկամասեր էր, ընկերասեր:
Ցավ ի սիրտ, Կառլեն Հովնանյանը կյանքից հեռացավ գիտական ուժերի ամենածաղկուն շրջանում՝ իր հետ տանելով բազում չիրականացված գիտական ծրագրեր:

Հանճարների, գիտնականների անխամրելի աստղաբույլից է Կառլեն Հովնանյանը, որի կատարածը գիտության մեջ մեծագույն սխրանք էր, իսկ կյանքը՝ բացառիկ հրաշք: Նրա համառ աշխատանքի արդյունքում էր, որ բժշկագիտական տեսադաշտը մեզանում զգալիորեն ընդլայնվեց:
Կարծես թե մեղուն գտել էր բազմաբույր մի ծաղիկ և պոկ չէր գալիս կենսավետ նեկտարից. մինչև կյանքի վերջը նրա հաղորդությունը եղավ գիտության ամբրոսիան:

Կառլեն Հովնանյանը այն եզակի անհատներից էր, ով առանձնանում էր մարդկային բարձր արժեքներով ու անսահման համեստությամբ: Նա այսօր էլ ՀՀ -ում և դրա սահմաններից դուրս մեծ հարգանք վայելող գիտնական է, որի բազմամյա վաստակը գիտության մեջ պարզապես անգնահատելի է:
Բժշկագիտության մեջ յուրահատուկ անհատականություն էր՝ իր տարբերվող մտածողությամբ ու հույզերով, իր թողած գործի արժեքով ու ճշտությամբ, ծանրությամբ ու ծանր ապրումներով, որոնք մի օր եկել ու չեն հեռանում՝ մշտապես իմաստավորելով այս հոգսաշատ կյանքը: Թող մեզ ներեն տարբեր ասպարեզների նվիրյալները, կարծում եմ, որ այսպիսի մարդիկ հիմնականում բժշկության, ասպարեզում են։
Գիտնականի դուստրը՝ Մարգարիտա Հովնանյանը, նույնպես առողջապահության ոլորտի նվիրյալ է, մասնագիտությամբ բժշկուհի, որ բավականին երկար տարիներ է, ինչ աշխատում է «Ավագյան» բժշկական կենտրոնում որպես ալերգոլոգ-իմունոլոգ:

Իր ընտանիքի, հարազատների, ընկերների եւ գործընկերների, ինչպես նաեւ նրա օգնությամբ կյանք վերադարձած անձանց հուշերն են միշտ նրան հետապնդում, նրանց հոգեցունց անդրադարձը դեպի նրա նեղ կյանքը, դեպի կյանքի հովնանյանական բանաձևի արտածման բանալին:
Աշխատանքը նրա տարերքն էր, հոբբին: Ծննդավայրը նրա համար յուրատեսակ սրբավայր էր, որին կապված էր իր ողջ էությամբ: Նրա կյանքը լեգենդ դարձավ: Մինչդեռ նա լեգենդ էր դեռ կենդանության օրոք: Իր բազում պարգևներից և կոչումներից, իր բարձր հեղինակությունից նա երբեք չէր մեծամտանում, գիտությանը սիրահարված մարդ էր՝ համեստ մարդ՝ հաճախ իրարամերժ, հակասական բնավորության գծերով, բայց միշտ զգոն և աչալուրջ, միշտ աշխատասեր ու պահանջկոտ:
Այնքա՜ն շատ է նրա մասին ասելիքը, որ դժվար է այն տեղավորել մեկ հրապարակման մեջ: Կարծում ենք, որ սույն հրապարակումը մի սովորական կանգառ է նրա անցած լուսավոր ճանապարհին: Մոռացվող մասունքներ ու թառամող ճյուղեր նրա դափնեպսակին չեն եղել ու չեն էլ լինելու։ Վստահաբար ասենք, որ նվիրյալ բժիշկ-գիտնականի մեծ վաստակի շնորհիվ նրա դափնեպսակը ժամանակի հետ հաստատապես էլ ավելի է գունազարդվելու:
Կառլեն Հովնանյանը շատ խիզախ էր իր որոշումների մեջ, իրեն բնորոշ կոլորիտով երբեք չէր հանդուրժի մտավորականին ոչ հարիր կեցվածք, տիպիկ հայ մարդու օրինակելի կերպար էր, բացառիկ մտավոր հնարավորություններով օժտված գիտնական, որը կանգնած է եղել և այսօր էլ շարունակում է կանգնած լինել հայ բժշկագիտության ակունքներում:

Բարձր գնահատելով Կառլեն Հովնանյանի բացառիկ մարդասեր տեսակը, գիտական երկարամյա արգասաբեր գործունեությունը, անուրանալի ավանդը բժշկագիտության մեջ` ի նշան հարգանքի և երախտիքի առ նրա անձն ու կատարած աշխատանքը, մենք ցանկանում եք հանրությանը, մեր ընթերցողին ներկայացնել անվանի հայի, բժշկագիտության նվիրյալի կյանքը, գործունեությունը՝ հնարավորություն ստեղծելու վերագնահատելու, արժևորելու և վայելելու գիտնականի ու մարդու նրա բացառիկ տեսակը:

Բժշկագիտությունը դեռ շատ երկար կխոսի նրա թողած ձեռագրի, գիտական հարուստ ժառանգության մասին, կվերաիմաստավորվեն նրա թողած բժշկագիտական ավանդը, բարեգործությունները, հաճախ ինքնամոռացության հասնող գիտական խիզախումները:
Հիշատակդ անմար, մեծանուն գիտնական, բոլորի համար ավագ ընկեր և լավագույն խորհրդատու, հրաշալի մարդ:


Հեղինակ՝ Լուսինե Գալստյան
https://bestgroup.am/%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%B6%D5%A5%D6%80/1078-%D5%AF%D5%A1%D5%BC%D5%AC%D5%A5%D5%B6-%D6%85%D5%A3%D5%BD%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%B8%D5%BE%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6?fbclid=IwAR3GAmv-s7lIL2aianibXmztFhqiaS572HYeO47eiEG6lTLtfSw7v4YgF3I


Դիտվել է 25703անգամ
Վերջին լուրեր