01 / Հունիս / 2023 : 14-16

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը այս տարի տոնում է ինստիտուտում արդեն 10 տարի գործող արևմտահայերենի, բառարանագրության, ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժինների հոբելյանը

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը այս տարի տոնում է ինստիտուտում արդեն 10 տարի գործող արևմտահայերենի, բառարանագրության, ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժինների հոբելյանը:

Ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը այս առիթով կազմակերպել էր միջոցառում, որը, իրենց խոսքով, նպատակ ուներ գիտական աշխարհին ուղղակիորեն հաղորդակից դարձնելու հանրակրթական և բարձրագույն հաստատությունների սաներին՝ հատուկ շեշտադրություն դնելով մարզային ներկայացուցիչների վրա: Միջոցառմանը հրավիրված էին Աղձքի միջնակարգ դպրոցի աշակերտները և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողները: Միջոցառումը միավորել էր գիտական աշխատանքով զբաղվող տարբեր սերունդների ներկայացուցիչների՝ հնարավորություն տալով աշակերտներին և ուսանողներին ներկայացնելու լեզվի մասին իրենց սկսնակ գիտական քայլը փորձառու գիտնականներին: Ուսանողների և ինստիտուտի մասնագետների միջև արդյունավետ քննարկում ծավալվեց ոչ միայն զեկուցվող թեմաների, այլև մասնագիտական այլ նուրբ հարցերի մասին, ինչպիսիք են արևմտահայերեն-արևելահայերեն փոխազդեցությունները լեզվակրության մակարդակով, մարդկային լեզվի հետագա զարգացման ուղղությունները, ուրարտերեն-հին հայերեն կապը, գրական լեզու-բարբառ հնչերանգային խնդիրները և այլն:

Հաշվի առնելով մարզային ներկայացուցիչների որոշակի կտրվածությունը մայրաքաղաքային գիտական միջավայրից՝ այսպիսի միջոցառումները մեր օրերում անհրաժեշտություն են: Դրանք թույլ են տալիս փորձառու, առաջատար մասնագետներին կիսվել իրենց փորձով և ուղղորդիչ են դառնում գիտական ասպարեզ մտնել ցանկացողներին: Գիտության բարձր առաջըթնաց ունեցող այլ պետություններում նմանատիպ գիտական հանդիպումները պարբերական բնույթ են կրում, սակայն մեր պետության սահմաններում այսպիսի միջոցառումները հույժ սակավաթիվ են: Իսկ չէ՞ որ դրանց միջոցով կարելի է էապես բարձրացնել գիտության հանդեպ սերն ու հետաքրքրությունը դեռևս կրթական առաջին աստիճաններից, քանի որ բոլոր առաջավոր հասարակությունների կենսագործունեության և քաղաքակրթության որակը ուղղակիորեն կախված է տվյալ պետության գիտակրթական որակներից: Այնուամենայնիվ, այսպիսի օրինակները հույս են արթնացնում, որ հայ գիտական ներուժը և դրա լիարժեք դրսևորմանը խոչընդոտող գործոնները՝ սկսած ֆինանսականից մինչև գիտության նկատմամբ հասարակության մեջ գործող բարոյահոգեբանական կարծրատիպեր, մոտ ապագայում հաղթահարված կլինեն: Ի վերջո գիտությունն է այն հուսալի ճանապարհը, որով մարդկությունը կարող է ավելի լավը լինել:
Հեղինակներ՝ Լուսինե Բաղմանյան, Ամալյա Գյոզալյան

Դիտվել է 14644անգամ
Վերջին լուրեր