16 / Սեպտեմբեր / 2023 : 10-21

Գոռ Կիրակոսյանի «Սևազգեստ կանայք» ֆիլմն արդեն մեծ էկրանին է. կայացավ կինոնկարի երևանյան պրեմիերան


Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սևազգեստ կանայք» ֆիլմը, որում կատակերգությունն ու դրաման, կյանքն ու մահն անբաժան են, սեպտեմբերի 14-ին բարձրացավ մեծ էկրան: Կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում:
ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում հոգեհանգստի ժամանակ, որին, բացի հանգուցյալի ընտանիքի անդամներից ու հարազատներից, ներկայանում են նաև նրա սիրուհիները։ Ընտանիքի անդամները, բնականաբար, անակնկալի են գալիս՝ իմանալով նրա սիրուհիների գոյության մասին, իսկ կանանցից յուրաքանչյուրը բացահայտում է, որ ինքը միակը չի եղել։
Սյուժեի առանցքային կետերից է նաև հանգուցյալի կտակը, որն էլ դառնում է սև կատակերգության հետաքրքիր հիմքերից մեկը։

Լրագրողների հետ հանդիպմանը Գոռ Կիրակոսյանն ասաց, որ տարիներ առաջ իր ընկեր Դավիթ Բաբախանյանն է առաջարկել նման կինոնկար նկարահանել, և միտքը Կիրակոսյանին դուր է եկել: Հետագայում նրանց է միացել Աշոտ Աբրահամյանը, և սկսել են աշխատել սցենարի շուրջ, որն ավարտել են 2020-ի մարտին: «Ֆիլմով ցանկանում ենք ասել՝ պարտադիր չէ, որ «սևազգեստ կանայք» բացասական դիտարկվեն: Սա ոչ թե մահվան, այլ ապրելու մասին է: Ըստ ֆիլմի՝ ավելի կարևոր է ապրել ոչ թե օրերի քանակով, այլ հաճելի պահերով»,-շեշտեց ռեժիսորը:

«Սևազգեստ կանայք» ֆիլմում ընդգրկված են Դիանա Մալենկոն, Ելենա Վարդանյանը, Լուիզա Ներսիսյանը, Իվետա Մուկուչյանը, Ռոզի Ավետիսովան, Ռոմելա Սարգսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Արտյոմ Մարկոսյանը և այլք։

Ռեժիսորի խոսքով՝ եթե ֆիլմը կրկին նկարահաներ, կրկին կներգրավեր նույն դերասաններին ու սցենարի մեջ փոփոխություններ չէր անի: Կիրակոսյանին դուր է եկել բոլորի խաղը:
Դերասան Արտյոմ Մարկոսյանը, որը հանգուցյալի կերպարում է, նշեց՝ պատմությունը ինքնատիպ է: «Սա կատակերգություն է, որը հետաքրքիր ընթացք ունի: Իմ կերպարն ունի սիրուհիներ, սակայն ֆիլմի վերջում իր դստերը մաղթում է գտնել իր կյանքի միակ ընկերոջը»,-ասաց նա:
Խոսելով դագաղում երկար պառկելու մասին՝ նա խոստովանեց, որ անսովոր է եղել, սակայն ավելի է ճնշել շոգը:

Իվետա Մուկուչյանը, ծանոթանալով սցենարին, սիրով համաձայնվել է խաղալ ֆիլմում: Նրա համար ամենատպավորիչ դրվագը եղել է այն, երբ Լուիզա Ներսիսյանի հետ ֆլամենկո են պարել, իսկ դերասանուհի Ռոմելա Սարգսյանը միանգամից չի համաձայնվել մերկապարուհու դեր կերտել՝ ասելով, որ այն շատ համարձակ է, սակայն հետո միտքը փոխել է: Դերասանուհին երկու ամիս գնացել է պարի դասերի, որ կարողանա հասնել այն արդյունքին, որ կա ֆիլմում:

Ֆիլմի ստեղծագործական կազմը շեշտեց, իրենք նպատակ չունեն կրթել կամ դաստիարակել կինոնկարով, ցանկանում են ժպիտ պարգևել մարդկանց և կտրել առօրյա հոգսերից:

Դիտվել է 49551անգամ
Վերջին լուրեր