04 / Հոկտեմբեր / 2023 : 13-27

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան-90. «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացը մեկնարկում է

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 90-ամյակի շրջանակում՝ հոկտեմբերի 4-6-ը
կանցկացվի «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման
եռօրյա դասընթացը:

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի
եռօրյա վերապատրաստման դասընթացը, որը կվարի Իրանի Մանկապատանեկան գրականության
հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր և փորձառու
մասնագետ Զոհրե Ղայենին:

ՀՀ գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների համար
իրականացվող նախադեպը չունեցող վերապատրաստման այս դասընթացը միտված է ոլորտի
մասնագետների նոր գիտելիքների, հմտությունների, կարողությունների զարգացմանն ու շարունակական
կրթության ապահովմանը:

Հեղինակավոր փորձագետ Զոհրե Ղայենին դասընթացի շրջանակում կներկայացնի ժամանակակից գրական
տարածքների, գրադարանային համակարգերի, ոլորտի մասնագետների, երեխաների հետ աշխատանքի և
համագործակցության 21-րդ դարի արդի միտումները, մարտահրավերներն ու գործիքակազմը:
Մասնավորապես կներկայացվեն կարևորագույն մի շարք թեմաներ.
 Ո՞րն է մանկական գրադարանների գրադարանավարի դերը 21-րդ դարում
 Ինչպե՞ս գրադարանը վերածել գրական և գեղարվեստական հաստատության
 Ի՞նչ է Urie Bronfenbrenner համակարգը և որտեղ են գտնվում գրադարաններն այս
համակարգում

 Ո՞րն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրագիտության նորագույն սահմանումը
 Որո՞նք են «Կանաչ» մանկական գրադարանները
 Ի՞նչ է բիբլիոթերապիան և ինչպե՞ս գրադարանավարները կարող են օգնել երեխաներին
հոգեբանական տրավմայի ժամանակ
 Դասընթացի մասնակիցները կծանոթանան IFLA մանկական գրադարանների ռազմավարական
փաստաթղթին և դասընթացի ընթացքում կստեղծեն իրենց գրադարանի համար նման փաստաթուղթ
Տեղեկացնենք, որ Զոհրե Ղայենին առաջադրվել է Աստրիդ Լինդգրենի անվան մրցանակի, եղել է
մանկապատանեկան գրականության ոլորտում հեղինակավոր Հանս Քրիստիան Անդերսենի անվան
մրցանակի ժյուրիի նախագահ: Մանկապատանեկան գրականության ոլորտի անվանի մասնագետն իր
հեղինակած «Կարդա ինձ հետ» ծրագրի համար արժանացել է «IBBY Asahi reading promotion
award»-ին:

Նշենք, որ եռօրյա վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի միջազգային
որակավորման վկայական:

«Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստաման դասընթացն
իրականացվում է IBBY Արմենիա ՀԿ (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան
մասնաճյուղ) Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայկական գրադարանային
ասոցիացիայի համագործակցությամբ, IBBY International-ի ու IBBY Yamada հիմնադրամի
աջակցությամբ: Ծրագիրն անցկացվում է Գրադարանավարի օրվան ընդառաջ:
Դիտվել է 6411անգամ
Վերջին լուրեր