30 / Հոկտեմբեր / 2023 : 12-43

Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի «Ռոզալի» ֆիլմի պրեմիերան։

«Ռոզալի» ֆիլմը «Շարմ» հոլդինգի ռոմանտիկ կատակերգությունն է, որը պատմում է հայաստանյան գաղտնի լաբորատորիաներից մեկում ստեղծված կին-ռոբոտի մասին: Ռոզալին աչքի է ընկնում ոչ միայն հզոր արհեստական բանականությամբ. նրանում ինտեգրված են սինթետիկ հորմոններ, որոնց շնորհիվ կարողանում է մտածել ու զգալ իրական մարդու պես: Բայց մարդկային զգաղմունքներ՝ սեր, խանդ, կիրք, երջանկություն, ատելություն ու կարոտ ձեռք բերելու համար ռոբոտն ու ֆիլմի հերոսը՝ Առաքելը, պետք է յուրահտուկ փորձարկման փուլ անցնեն:
«Մենք ընտրել ենք թեմա, որն արդիական է և այս փուլում հետաքրքիր է գրեթե բոլորին, իսկ մենք ներկայացնելու ենք կին ռոբոտի, որն աչքի է ընկնում ոչ միայն հզոր արհեստական բանականությամբ. նրանում ինտեգրված են սինթետիկ հորմոններ, որոնց շնորհիվ կարողանում է մտածել ու զգալ իրական մարդու պես: Սա աննախադեպ ձեռքբերում է նանո-տեխնոլոգիաների ոլորտում, բայց որպեսզի Ռոզալին «մարդ դառնա», պիտի ունենա մարդուն բնորոշ բոլոր զգացմունքները՝ սեր, խանդ, կիրք, երջանկություն, ատելություն ու կարոտ: Այդ ամենը ներկայացվում է հումորային ոճով և մատուցմամբ, իսկ դերասանները կարողանում են հնարավորինս ճիշտ մատուցել այդ ամենը»,- նշեց ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը:


Վերջինս նաև մեկնաբանեց, թե ինչով է պայմանավորված գլխավոր հերոսներ՝ Տարոն Իսպիրյանի (Պոնչի) և Նաստասյա Գոլովկոյի ընտրությունը.

«Մենք վստահ էինք, որ այս հումորային ժանրում Պոնչը կկարողանա իրեն դրսևորել, քանի որ Պոնչը, թե՛ շնորհալի երիտասարդ է, թե՛ սիրված դերասան: Պոնչը մարմնավորում է երիտասարդի, որը մարդկային կերպարանափոխությունն ավելի ակնառու է, քան ռոբոտի կերպարանափախությունը մարդուն: Նաստասյայի դեպքում մեզ պետք էր դերասանուհին, որին կկարողանայինք կերպարանափոխել և հանդիսատեսը տեսնելու է, թե ինչքան տարբեր կերպարներում է ներկայանալու նա»,- նշեց Միտոյանը:


Առաքելին մարմնավորող Պոնչի խոսքով էլ՝ ինքը ֆանտաստիկ ժանրի ֆիլմերի սիրահար չէ. այս ժանրում իր ամենասիրելի ֆիլմը «Ռոզալի»-ն է դարձել:

«Սա ժամանցային ֆիլմ է, որի 1 ժամ 35 րոպեն, կարծում եմ, անցնում է մեկ շնչով: Թեթեւ, սիրուն, հուզիչ եւ զարմացնող ֆիլմ է: Նաստասյայի հետ առաջին անգամ ենք աշխատում, եւ ես, պարզապես, հիացած եմ իմ գործընկերուհու պրոֆեսիոնալիզմով: Հրաշալի դերասանուհի է, որը պահում էր նկարահանման ամբողջ շունչը»,- ասաց դերասանը:

Հավելենք, որ «Ռոզալի» ֆիլմի սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը, Դավիթ Բաբախանյանը և Ռուբեն Ջաղինյանը: Վերջինս նաև ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է:
Դիտվել է 14075անգամ
Վերջին լուրեր