06 / Նոյեմբեր / 2023 : 12-05

Տեքստն, ինչ խոսք, չինովնիկական հռետորաբանության գլուխգործոց է, սովետական արատավոր վարչարարության մնացուկային դասական նմուշ

Խոսելու ու լռելու գինը, կամ բաց նոթեր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառման առիթով
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր ընդարձակ գրառումով անդրադարձավ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին պաշտոնից հեռացնելու որոշման հիմնավորմանը։ Տեքստն, ինչ խոսք, չինովնիկական հռետորաբանության գլուխգործոց է, սովետական արատավոր վարչարարության մնացուկային դասական նմուշ։ Ինչպես ասում են, ամեն ինչ տեղը տեղին մանրամասնելով տիկին նախարարը փորձել էր իր լսարանին համոզել նախարարության որոշման հիմնավոր լինելը։ Չեմ ցանկանում այս պահին դատավորի կեցվածք ընդունել և պաշտպանել որևէ մեկին։ Գտնում եմ, որ Անի Եղիազարյանն իր իրավունքները պետք է պաշտպանի դատական կարգով։ Ես առավել քան վստահ եմ, որ Անիի դեմ նման գործելաոճը բոլորովին այլ հիմքեր ու հիմնավորումներ ունի․․․ Կմանրամասնեմ շուտով։
Այսօրվա իր գրառումը տիկին նախարարը ավարտում է հետևյալ տողերով «Սա պետություն է և մենք պարտավոր ենք հարգել մեր պետությունն ու դրա կանոնները, մեզ վրա դրված պատասխանատվությանը մոտենալ ամենայն լրջությամբ, հատկապես, երբ ներկայացնում ենք պետական կառույց, առավել ևս՝ երբ ղեկավարում ենք այն»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին լոկ ցանկանում եմ հիշեցնել, որ այս տարվա ընթացքում նախարարը քար լռություն պահպանեց ու ոչ մի կերպ չարձագանքեց մի շարք աղաղակող խնդիրների կապակցությամբ, որոնք հանրայնացնում էի ողջ տարվա ընթացքում։ Մասնավորապես․

• Նախարար Անդրեասյանը լռում էր, երբ ահազանգում էի դպրոցական դասագրքերի խայտառակ հրատարակությունների ու բովանդակության առթիվ
• Նախարար Անդրեասյանը լռում էր, երբ ահազանգում էի, որ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտից հարյուրավոր փաստաթղթեր ու բնօրինակ լուսանկարներ ոչնչացման են տարվել զուգարանի թղթի արտադրամաս
• Նախարար Անդրեասյանը լռության մատնեց "Հայկական թատերական ընկերության" հարուստ գրադարանի ու արխիվի ոչնչացումը զուգարանի թղթի արտադրամասում
• Նախարար Անդրեասյանը լռում էր, երբ մի ողջ բուհական գրադարան արժեքավոր ու հազվագյուտ միավորներով կրկին հայտնվել էր նույն թղթի արտադրամասում
• Նախարար Անդրեասյանը լռում էր, երբ ահազանգում էինք, որ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը մի քանի քրեորեն հետապնդելի արարքներ է թույլ տվել, այդ թվում կոծկելով ֆինանսական կարևոր փաստաթղթերի ոչնչացման փաստը։
• Նախարար Անդրեասյանը լռում է, երբ Երևանի տարածքում ոչնչացվում են պետության պահպանության տակ գտնվող հուշարձան շենքեր ու պատմական միջավայրեր
• Նախարար Անդրեասյանը լռում է, երբ Գիտությունների ակադեմիայում խարդախ ու անօրինական ճանապարհով հինգերորդ անգամ անընդմեջ տնօրեն է ընտրվում ամեն ինչ տապալած ու բազմաթիվ կոռուպցիոն գործարքների մեջ «փայլատակած» անձը։
• Նախարար Անդրեասյանը լռում էր, երբ Գիտությունների ակադեմիայի գիտաշխատողները իրենց հարցազրույցներով ու «գիտական» հրապարակումներով առատ նյութ են մատուցում ադրբեջանական քարոզչությանը, Հայաստանի ու հայության դեմ շահեկան արշավ սկսելու համար։
• Այս տարի պատմության նոր դասագրքերի պատրաստման կապակցությամբ ամռանը հանրային հայտարարությամբ հանդես եկա, առաջարկելով ԱՆՎՃԱՐ, հասարակական հիմունքներով ծանոթանալ ու համապատասխան առաջարկներ անել խայտառակ բովանդակությամբ դասագրքեր տպագրելու արատավոր նախադեպերից խուսափելու համար։ Նախարարությունը լռեց ու չարձագանքեց իմ առաջարկին։ Արդյունքում ստացանք այն, ինչ ստացանք։ Այս կապակցությամբ մանրամասն իմ գրախոսությունը կհրապարակվի մոտ օրերս․․․

Ու այս ամենը միայն 2023 թվականի կտրվածքով․․․

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=2974099802727336&id=100003820364768
Դիտվել է 10078անգամ
Վերջին լուրեր