11 / Դեկտեմբեր / 2023 : 14-03

Շարժում դեպի լույս․ «Բարձունք» կրթական շարժումը՝ Երազանքի հայրենիքի կառուցման ճանապարհին

«Բարձունք» կրթական շարժման կողմից այս տարվա ընթացքում մշակվել է գաղափարական-բովանդակային քարտեզ ողջ հայության համար՝ Երազանքի հայրենիքի համապարփակ տեսլական ու ուղեգիծ ունենալու նպատակով։ Այն Հայոց երկրի հզորացմանը մասնակցել ցանկացող յուրաքանչյուր հայի անելիքների և կենսակերպի ուղենիշն է, որի իրագործմանը կարող է միանալ յուրաքանչյուր ոք։
«Բարձունք» կրթական շարժման նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել համաբարձունքյան ամենամյա Համագումաը, որի նպատակն էր անդամներին ներկայացնել կառույցի ռազմավարական պլանը՝ կառույցի վերասահմանած տեսլականը, առաքելությունը, նպատակը, առկա ձեռքբերումներն և կամավորների ներգրավման հնարավոր ուղղությունները։

2023-ը ռազմավարական նշանակություն է ունեցել «Բարձունք»-ի համար․ քննարկումների, բազում ուսումնասիրությունների ու կարիքների գնահատման, վերլուծությունների, փորձի արդյունքում կրթությունը սահմանվել է շարժման հիմնական, երկարաժամկետ ուղղություն, որը ենթադրում է 20 տարվա շարունակական և ռազմավարական աշխատանք։ «Բարձունք» կրթական շարժումը որդեգրել է թումանյանական «Միշտ դեպի լույս» կարգախոսը՝ այն դարձնելով ընթացիկ և առաջիկա նախագծերի հիմնասյուն։
Շարունակվել է «Դեպի բարձունք» նախագիծը, որն ակումբային ֆորմատ է չորս հիմնական աշխատանքային ուղղություններով՝ «անձնային աճ», «դպրոց - համայնք - պետություն», «մարդ - բնություն կապ», «մասնագիտական կողմնորոշում»։ Մինչ տարվա վերջ Հայաստանի տարբեր համայնքների ևս 5 դպրոցում կհիմնվեն ակումբներ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է մոտակա 10 տարում ակումբներ ստեղծել ավելի քան 200 դպրոցներում, դպրոցի աշակերտների առնվազն 20%-ի ներգրավմամբ։
Մեկնարկել է նաև «Նախաձեռնությունների դպրոց» կրթական առցանց նախագիծը, որը նպատակ ունի աջակցել գործել ցանկացող այն մարդկանց, ովքեր կառավարման, նախագծեր իրականացնելու փորձառություն չունեն։ «Նախաձեռնությունների դպրոցը» առցանց դասընթացների շարք է՝ ուղղված բարձունքցիների և հանրային գործունեություն ծավալող անհատների կառավարչական հմտությունների զարգացմանն ու ներուժի բարձրացմանը։ Դասընթացը կազմված է աստիճաններից, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է առանձին մոդուլներից։

Այս տարի իրականացվել է նաև «Արահետ» լեռնարշավային գավաթը, որի նպատակն է՝ խրախուսել հայրենաճանաչությունը, մարդ - բնություն կապը, զարգացնել լեռնագնացության մշակույթը քաղաքացիների շրջանում, խրախուսել ֆիզիկական կարողությունների զարգացումը լեռնային պայմաններում, զարգացնել ներթիմային համագործակցությունը լեռնային պայմաններում խնդիր կատարելիս։ Գավաթը լինելու է շարունակական։

Ընդգծենք նաև, որ համագումարին հայտարարվել է «Հայոց երկրի» գաղափարական-բովանդակային քարտեզի հանրայնացման մեկնարկը, որի մասով նախասահմանումներն արդեն տրված են։ Սահմանվել է 20 տարվա ժամկետ, հայտարարվել՝ հետհաշվարկ։ Շեշտվել է ներկայացվող քարտեզի համատեղ, հայ ազգի մտածող ներուժով մշակելու, զարգացնելու, համատեղ մտագործունեություն ծավալելու անհրաժեշտությունը։

Նշենք, որ «Բարձունք» ՀԿ-ն կազմավորվել է 2020-ի նոյեմբերին` հասարակության լայն շերտերի կամավորական ներուժի մոբիլիզացման միջոցով՝ նպաստելու երկրում ստեղծված հետպատերազմական իրավիճակի բարելավմանը և ընդհանուր զարգացմանը: «Բարձունք»-ի առանցքային գործունեությունն ուղղված է հիմնականում կրթական ոլորտի ներուժի հզորացմանը ու վերջինիս միջոցով երկրի կայացմանը։ Կազմակերպությունն ամբողջությամբ գործում է կամավորական հիմունքներով։ «Բարձունք» ՀԿ-ն ունի առաջնորդող խորհուրդ, որը բաղկացած է 9 անդամներից, որոնք են՝ Գեղամ Օհանյանը, Տիգրան Արեգունին, Ալեքսանդր Մելիքյանը, Մեհրի Ղազարյանը, Հայկ Նավասարդյանը, Տիգրան Սեդրակյանը, Գայանե Թունյանը, Արեգ Թադևոսյանը և Հեղինե Արմենյանը։
Դիտվել է 11236անգամ
Վերջին լուրեր