Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հունիս / 2024 : 22-13

Երևանի կենտրոնում կայացավ հայ կանանց հետքերով ճանաչողական զբոսանքը ԱՄՆ Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ

Հունիսի 16-ին Երևանի կենտրոնում կայացավ հայ կանանց հետքերով ճանաչողական զբոսանքը ԱՄՆ Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ:

Քաղաքային միջավայրի վերաբերյալ ամերիկահայ քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի Լոս Անջելեսի մեծությամբ 4-րդ քաղաքի՝ Գլենդելի առաջին ամերիկահայ կին քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ ծանոթությունը ուղեկցվեց արձանների հետ կապված թեմատիկ ուշագրավ դրվագներով և տեսակետների փոխանակմամբ:
Այն մեկնարկեց Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Այծեմնիկ Ուրարտուի «Կժով աղջիկը» աղբյուր-հուշարձանից և ուղեկցվեց Ռուզան Քյուրքչյանի «Վերածնունդ», Թերեզա Միրզոյանի «Սիրում է, չի սիրում» և այլ կանանց արձանների հետ ծանոթացումով։

Հանդիպման ընթացքում հակիրճ անդրադարձ կատարվեց քանդակագործ և ճարտարապետ հայ կանանց, նրանց հեղինակած, ինչպես նաև նրանց նվիրված քանդակներին ու արձաններին, նախագծած շենքերին և կառույցներին:

«Հայուհիների համահայկական միություն» ՀԿ նախագահ Շողակաթ (Շողանե) Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Էլեն Ասատրյանին Հայուհիների ակումբի հրավերն ընդունելու և ճանաչողական զբոսանքին միանալու համար և հավելեց, որ անչափ ուրախալի է իր և ակումբի ներկայացուցիչների համար նման արժեքավոր րոպեները կիսել ազդեցիկ անհատականության հետ, վարակվել նրա դրական էներգիայով և կարծիքներ քննարկել կանանց դերը լավագույնս արժևորող հայուհու հետ հենց հայրենիքում։

Հանդիպման ավարտին շնորհակալագիր հանձնվեց քաղաքապետ Էլեն Ասատրյանին` մայրաքաղաք Երևանի կենտրոնում հայ կանանց նվիրված ճանաչողական զբոսանքին միանալու, քաղաքային միջավայրում հայ կանանց հեղինակած և նրանց նվիրված ստեղծագործությունների հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար։

Կանանց գործունեությունը արժևորելու նպատակով՝ «Հայուհիների ակումբ»-ի կողմից տարբեր հանրային և մշակութային նախագծեր են պարբերաբար իրականացվում, նպատակ ունենալով տարբեր ձևաչափով ներկայացնելու հայ կանանց։
Կանանց և նրանց արարումների ներկայացվածությունը քաղաքային միջավայրում կարևոր է և լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ քաղաքային տուրիզմի ոլորտում հեռանկար ստեղծելու համար։
Դիտվել է 8408անգամ
Վերջին լուրեր