Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հուլիս / 2024 : 15-02

Արարատյան մարդու ճեպանկար Կոմիտասի անունը կրող կառույցի դիտախորշից

Դավիթ Ստեփանյանի հոդվածը՝ Գագիկ Գինոսյանի մասին։


Գագիկ Գինոսյանի հիշատակին

Սրբատաշ ու կոպտատաշ քարերի համադրությամբ վեր խոյացող առնական այս կառույցն ինձ միշտ գրավել է իր անսովոր տրամադրությամբ։ Այն չունի դռներ, լուսամուտներ, կտուր, միջնորմեր, եթե այս ամենը պատկերացնենք դասական ձևերին բնորոշ տարածված լուծումներով։ Անգամ մուտքի ու ելքի, ներսի ու դրսի տարածության հարաբերությունն ու բաժանումը սովորական չեն։ Ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի մտահղացմաբ՝ ամբողջ ծավալը միջավայրաստեղծ է, որտեղ ճկուն երկաթբետոնյա կարկասը և քարի ավանդական շարվածքով ծանր պատերը մերկանում են իրենց յուրահատկությամբ և, բախվելով միմյանց հետ կոշտ ու մոնումենտալ շարժմամբ, բախման հանգույցներում թողնում են բաց ու ազատ տարածություններ, որոնք լցվում են ապակիով։ Լույսն այստեղ ներթափանցում է քարանձավային խորշերին բնորոշ տարբերակով , երաժշտությունն ընկալվում է եկեղեցական միջավայրին համահունչ, իսկ ծավալների ծանրախոհ պլաստիկան հիշեցնում է այն ազդեցիկությունը, որը բնորոշ է թեք պատերով արված հայտնի, հզոր կառույցներին՝ սկսած եգիպտական բուրգերից, վերջացրած Եղեռնի հուշարձանով։
Բազմաթիվ անգամներ այստեղ հնչել են Բախի ու Մոցարտի տեղծագործությունները, հայկական շարականներն ու ժողովրդական երգերը։ Մեկից ավելի անգամներ հայ ժողովուրդն այստեղ է հավաքվել նաև ազգին ու աշխարհին ինքնատիպ ժառանգություն թողած իր մեծերին վերջին հրաժեշտ տալու համար։ Հոգևոր Քարայրի է նման Ստեփան Քյուրքչյանի ճարտարապետությունը և որքա՜ն նման է անմահության ճամփան բռնած ալեխառն մորուքով պարուսույցը քարայրից դուրս գալուն սպասող էպոսի այն հերոսին, որի ոտքերի ծանրությանը չէր դիմանում հողը։ Գագիկ Գինոսյանի ոտքերի չարխափան հարվածներին արդեն չէր դիմանում ամեն տեսակ հերոսականություն ու պաթոս ծաղրող քաղկենի իրականությունը։ Թվում էր, թե մանկան անմիջականությամբ ու ոգևորությամբ հայրենի ինքնության համար կռիվ տվող այդ կերպարը մշտապես կգործի իբրև համակարգ՝ իր վրա վերցնելով թե՛սերունդերին կրթելու բարդ առաքելությունը, թե՛ համաժողովրդական սերը, թե՛անսիրտ մարդկանց քարկոծանքն ու քմծիծաղը։ Բայց ահա՛ յարխուշտայի մուտքն ազդարարող հնչյունների ներքո Կոմիտասի անվան կամեռային երաժշտության տնից դուրս է բերվում դագաղը։ Կարծես քարայրից դուրս է ելնում Փոքր Մհերը։ Հավաքված բազմության ծափահարություններն ու պարողների ափերի զարկերը մարդկանց սրտերից պոռթկացող արցունքներ սկսեցին քամել։ Սովորաբար մեծ արվեստագետների ու նշանավոր մարդկանց թաղման արարողակարգերին ժողովուրդը մասնակցում է առավելապես հարգանքի տուրք մատուցելու տրամադրությամբ։ Ալեկոծվում են միայն հանգուցյալի հարազատները։ Գինոսյանի հրաժեշտին ալեկոծվում էր ժողովուրդը։ Օրեր անց, Եռաբլուրում, «Կարին» խմբի ավագ սաներից Մեսրոպն իր խոսքում հիշեց, որ իրենց ուսուցիչը հաճախ էր օրինակ բերում ճակատամարտի ժամանակ բեկում առաջացնող հերոս - հրամանատարների վարքագիծը, որոնք տեսնելով զինվորների նահանջելու տրամադրությունը, վերջին միջոցն էին կիրառում նրանց առաջ մղելու և իրավիճակը փրկելու համար․ հեծնելով սպիտակ նժույգն ու ցուցադրական թիրախ դառնալով՝ նրանք սրամերկ սլանում էին թշնամու վրա։ Նահատակվող հերոսի հետևից սլացող զինվորների տրամադրությամբ էին ռազմապար բռնել «Կարինի» տղաները։ Այդ տրամադրությամբ էին օդը պատռում հրաժեշտի ծափողջունները։ Ունենալով աշակերտների ու գաղափարակից սաների բազմահազարանոց բանակ՝ Գագիկ Գինոսյանը, մեծ առումով, առաջնորդում էր միայնակ՝ ամեն առիթով բարձրաձայնելով այն սուր հարցերը, որոնցից սովորաբար խուսափում են մտավորականները, արվեստագետները, անգամ խիստ ընդդիմադիր քաղաքական կամ ռազմական գործիչները։ Դժվար է պահել ազգի նվիրյալ, չարքաշ հերոսների պատիվը։ Առավել դժվար է դուրս գալ ազգային հույզերի վրա խաղացող այն շահասեր «հերոսների» դեմ, որոնց պահել ու պահում է մի ամբողջ քրեաօլիգարխիկ պետական համակարգ։ Չեմ մտաբերում մեկ այլ հանրային դեմքի, որը նրա պես բացահայտ կհայտարարեր այն մասին, որ Անդրանիկի աճյունը Վազգեն Սարգսյանի շիրիմի հարևանությամբ ամփոփելն ու հավասարազոր կոթողների միջոցով այդ երկուսին իբրև հավասար մեծություններ ներկայացնելը խայտառակ անարդարություն է։ Մինչդեռ, իրենց նախարար գործընկերոջը ուռճացված ձևով մեծարելու հաշվին` առասպելական հերոսին բարձունքից իջեցնելն ընդամենը բավարարում էր այդ ժամանակվա հղփացած գեներալների ու քաղաքական գործիչների փառասիրությունը և միտված էր ժողովրդին տեղ հասցնելու այն ուղերձը, որ իշխանություն ու պաշտոն ունեցողից ավելի վեր թռնել չի կարող նույնիսկ նման վիթխարի մեծությունը։ Տարիներ անց նույն պատկերը սպասվում էր Կոմիտասի անվան պանթեոնում։ Մեծ արվեստագետների կողքին քաղաքական գործիչների հավակնոտ ներկայությունը հատկապես աղաղակող է դիտվում ի դեմս այն տարիների քաղաքապետի՝ Տարոն Մարգարյանի հոր, Անդրանիկ Մարգարյանի՝ տարածքում իշխող կոթողի տեղակայմամբ։ Գագիկ Գինոսյանը Կոմիտասի պանթեոնում չհանգրվանեց։
Գագիկ Գինոսյանը Կոմիտասի պանթեոնում չհանգրվանեց։

Այդ տարածքն արդեն ոչ միայն ձևավորվում է պաշտոն չարաշահողների ճաշակով, այլև շահարկվում է մասագիտական մեծ ավանդ, բայց փոքր սիրտ ունեցող և իշխանահաճո կեցվածք որդեգրող մարդկանց համար։
Այս առիթով կարելի է հիշել Գինոսյանի հոգևոր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի խոսքերը․ «ազգի դիմադրողական ոգին շատ է թուլացել, քանի որ մեր ինտելիգենցիան հիմնականում ցածր ոգու տեր մարդիկ են»։

«Պարտվում է մի ժողովուրդ, երբ պարտվում է նրա մտավորականությունը»,- ասում էր Նժդեհը։
Գագիկ Գինոսյանը պարտվող մտավորականներից չէր:
Իշխանաց Պարի գլուխ կանգնող կարինցու ժառանգը չէր կարող խոնարհվել հեշտ կառավարելի ամբոխ կերտող, աթոռի հաշվին իշխան դարձած պալատական վերնախավի առջև։

Նա հաճախ օրինակ էր բերում իշխան Օրբելու ասպետական պատասխանը Ստալինին և իր հետևորդներին կոփում էր իրական իշխանին վայել պահվածքով։

Նրա պարագայում չէր աշխատում այն զսպաշապիկը, որով պաշտոնական լծակները կարողանում են ազդել ժողովրդական հեղինակությունների վրա:
Նույնիսկ ազգային պարը դպրոցներում դասավանդելու ծրագիրի առջև վերջապես պաշտոնապես կանաչ լույս վառած երկրի առաջին դեմքի ներկայությունը դահլիճում ու ոտնկայս ծափահարությունները որևէ կերպ չէին կաշկանդում նրան։ «Կարինի» ամբողջ բանակն, իր մասնաճյուղերով ու գաղափարակից սաներով հանդերձ, հենց այդ օրերին հայտնվում էր անհնազանդության պայքարով բռնկված ժողովրդի կողքին՝ զգալի ուժ հաղորդելով շարժմանը, բեմում ներկայացրած պարերը մշակութայնացնելով կյանքում․․․իսկ Գագիկ Գինոսյանը հայտնվում էր ոստիկանության բաժանմունքներում։ Չկար այնպիսի իրավիճակ, որ նժարին դնելով իր իսկ ազգանվեր գործի հաջողությունը կամ դրան սպառնացող վտանգները, Գագիկ Գինոսյանը լռեր ու չբարձրաձայներ անարդարության մասին։ Ապրելով Նժդեհի պատգամներով՝ նա մշտապես վառ էր պահում «պաշտամունքը մեծ մեռելների» և հենց նրանք՝ մեր պատմական հերոսներն ու ազգի մեծերն էին առավելապես օժանդակում ու ոգեշնչում նրան իր առաքելության դժվար ճանապարհին։ Նժդեհի պես լինելով սրի և գրչի մարդ, Գագիկ Գինոսյանը մխրճվեց բոլոր այն բնագավառները, որտեղ վտանգված էր հայի ինքնությունը։ Եվ ամենակարևոր զենքը, որ նա ընտրել էր այդ պայքարում ազգային պարն էր, որը Կոմիտասի խոսքով արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ «բարքն ու քաղաքակրթական աստիճանը»։ Առավել քան մեկ այլ մասնագետ՝ Գագիկ Գինոսյանը կարողացավ պահել հատկապես այն պարերի պատիվը, որոնք շատերի բնութագրմամբ արհամարական ձևով որակվում էին իբրև տրեխավոր։ Խեղված արժեքներ գովազդող վայրի կապիտալիզմի աղմկալի ու անդեմ ժամանակներում նա ոչ միայն ներկայացրեց ու գովազդեց, այլև սերմանեց ազգային պարն առավելապես մարդկային որակի և շփման հաշվին՝ հնարավորություն ստեղծելով իրար ծանոթ ու անծանոթ հայրենակիցներին հաղորդակցվելու համախմբող շուրջպարերին։ Իրականացնելով բանահավակչական մեծ աշխատանք և խորապես ուսումնասիրելով պարագիտությունը՝ Գինոսյանը հրաշալի էր մատուցում հայկական պարի պատմությունը, ամեն մի շարժման ելևեջի իմաստն ու տրամաբանությունը։ «Կարինի» վերականգնած 36 պարերի ցանկում այնպիսի գոհարներ, ինչեպես օրինակ «Կարնո Քոչարին«, «Էջմիածինը», «Ռոստամ Բազին» և այլ նմուշներ մտել են արդեն ժողովրդի կենցաղ-մշակութային տիրույթը և հաճախ են կատարվում տարբեր միջոցառումների ժամանակ։ Բայց պարեր ուսուցանելու հետ մեկտեղ՝ Գագիկ Գինոսյանը մարդկանց ազգային գիտակցության վրա ազդում էր նաև իր բազմակողմանի զարգացածության շնորհիվ։ Շատ տրամաբանված ու պատկերավոր խոսքերով՝ նա սաներին էր փոխանցում իր մեծ կենսափորձը, հայրենի մշակույթով ու հերոսականով հարուստ ներաշխարհը։ Պարի բաց դասերն անցնում էին իբրև օրվա պատմության ու կյանքի լուրջ դասեր։ Ռազմապարերի ֆոնին նրա պատմած դրվագները հայոց փառքի էջերի մասին՝ էմոցիոնալ առումով կրկնապատկում էին ներազդեցությունը խանդավառ երիտասարդների սրտերում։ Հրամանատարը պետք է հավատա իր դավանած արժեքներին, ծրագրին ու արձակած հրամանին։ Սա բանակներ կառավարելու գլխավոր սկզբունքն է։ Գագիկ Գինոսյանը այդ հավատացյալներից էր։ Նրա համար «Ռանչպարների կանչի» ֆիդայիները կենդանի ասպետներ էին, Նժդեհը՝ ռազմի մարգարե, Կոմիտասն ու Մաշտոցը՝ սրբեր։ Նրա գովերգած կերպարների ցանկում չկային մարտադաշտում դափնիներ շահած, բայց կյանքում բարոյականությունը կորցրած դեմքերը։ Չկային մեծ զորավարները, բայց փոքր հերոսները, մեծ արվեստագետները, բայց փոքր մտավորականները։ Ուղենիշ էին ըմբոստ ոգի ունեցող և հոսանքին հակառակ ընթացողները՝ հեռու օրենքի տառը պահելու, բայց էությունը շրջանցելու շատ տարածված ձևապաշտական բնույթից։ Այդպիսին էր Վանաձորի ճակատամարտի հերոսը՝ Գուրգեն Տեր-Մովսիսյանը, հրամանատարության արարքը դավաճանութուն անվանող և ընդվզող սպան՝ ազգի հավերժական շահն օրվա իշխանական շահից վեր դասող։ Այդպիսին էր հայ մեծանուն ճարտարապետի թոռ Ալեքսանդր Թամանյան կրտեսրը՝ Գագիկ Գինոսյանի հրամանատարը, որի համեստ, բայց հզոր ապրած կյանքի մասին թերևս չէինք իմանա, եթե չլիներ նրա մասին միշտ պատմող իր զինվորի երախտագիտությունը։ Այդպիսին էին Լեոնիդ Ազգալդյանը, Վլադիմիր Բալայանը, Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Մովսես Գորգիսյանը, Սիմոն Աչիկգյոզյանը, Բեկոր Աշոտը, Դուշման Վադրանը, Գագիկ Ստեփանյանը և շատ ուրիշներ՝ կյնաքից հեռացած կամ մեր կողքին ապրող այն օրինակելի կերպարները, որոնք չեն խառնել հայրենասիրությունը սեփական անձի փառասիրության ու մորթապաշտության շաղախով։ Այդպիսին էր նաև ինքը՝ Գագիկ Գինոսյանը՝ էությամբ նման իր սիրած կերպարներին, հատկապես Նժդեհին, որի արտիստիկ խառնվածքն ու ոգեղենությունը նույնպես խորթ են եղել շատերին այն ժամանակներում։ Դա էր պատճատը, որ Գինոսյանին երբեմն չէին ընկալում միջակության նորմերին մերված նույնիսկ շատ մտերիմ ու գաղափարակից ընկերներ։ Քիչ չէին նաև նրա գաղափարական հակառակորդները։ Չարակամ լեզուները նրան անվանում էին «կենացասաց», իրենք էլ խորապես չհասկանալով, թե ինչի համար։ Այդ ասողներն իրականում ընդամնը ազգային հույզերով տրոփող նրա սիրտն ու հոգին էին տեսնում։ Կենացասաց էր նաև «ամենայն հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումայնանը։ Միգուցե իբրև ստեղծագործող կամ պարագետ Գագիկ Գինոսյանը չնվաճեց այն բարձունքը, որն առավել ցայտուն կցուցադրեր նրա վաստակը, քանի որ չհասցրեց ամբողջացնել ու ավարտուն կերպով համակարգել ազգային պարին վերաբերվող այն մեծ աշխատությունը, որը ձեռնարկել էր։ Այդ աշխատանքը կշարունակի «Այբ» դպրոցի հետ համատեղ նրա հիմած ազգային երգի ու պարի ակադեմիան։ Բայց մշակութային առումով Գինոսյանը արեց շատ ավելին, քան նեղ մասնագիտական սահմաններում փայլատակող բազմաթիվ մեծանուն արվեստագետներ ու գիտնականներ։ Ոչ ֆորմալ կրթությամբ նա կարողացավ ջարդել 70+30 տարվա ֆորմալ կրթության համակգում ձևավորված, ազգային արմատներից կտրված կոշտ կարծրատիպերը։ Իբրև հակակշիռ բեմական մարդկանց սեփականությունը դարձած բալետականացված, տարբեր մշակումներով հարստացված ու ձևափոխված հայկական պարերի, և իբրև հակադրություն լայն զանգվածների օրվա կենցաղը դարձած օտարամոլ ու ցածրորակ մշակույթի՝ նա նորից ժողովրդին վերադարձրեց իր սեփականությունը՝ ազգային երգն ու պարը, իբրև կենսաձև, իբրև ապրող և ոչ թանգարանային նմուշ։ Իր օրինակով` նա նպաստեց նաև ազգային հենքով մտածող և համաժողովրդական ցանցային մշակույթ առաջ մղող մասնագիտական այլ կառույցների ձևավորմանը, փոխազդեցությանն ու միասնական զարգացմանը։ Վովա Վարդանովի խոսքերով` ՈՄԱ -ի գործունեության համար իբրև օրինակ ծառայել են Կարեն Վարդանյանի և Գագիկ Գինոսյանի ստեղծած, ժողովրդական ներուժի վրա հենվող համակարգերը։ Պատահական չէր, որ 44 օրյա պատերազմի ժամանակ ՈՄԱ գումարտակի կորիզի կազմում էին Գագիկ Գինոսյանը և իր բազմաթիվ սաները։ Ինքս էլ առիթ ունեցա պատերազմի օրերին լինելու Գագիկի մարտական ընկերը։ Նա գործում էր նույն ակտիվությամբ՝ ոգևորելով վտանգներով լի իրավիճակում հայտնված կամավորականներին ու հարստացնելով նրանց լարված, բայց հաճախ միապաղաղ օրակարգը մտավոր ու հոգևոր արթնությամբ։ Ինձ համար, որ 2 տարի շարունակ տեսել եմ ՀՀ ՊՆ-ի տարբեր զորամասերում տիրող գաղափարազուրկ վիճակը, Գագիկ Գինոսյանի ներկայությունն առավել քան նշանակալից էր այդ օրերին։ Ականատես եմ եղել, թե ինչպես էր ռմբակոծության ենթարկված զինվորներին հանում սթրեսային տրամադրություններից, հաշտեցնում միմյանց միջև երբեմն պայթող խռովությունները, իր հեղինակությամբ, հավասարակշռված պահվածքով և մարդկային վերաբերմունքով ազդում անհարթությունները շտկելու հարցերում։ Թեպետ այդ ամենի արդյունքում տարածվեցին նաև, իմ խորին համոզմամբ, մասնակիցներից ոմանց խոցված հպարտությունից ծնված ինչ-ինչ ուռճացված ու համատեքստից կտրված ասեկոսեներ, որոնք հետագայում մասնակիորեն նպաստեցին նրա և որոշ մտերիմ մարդկանց միջև հարաբերությունների սառեցմանը, բայց երբեք չնվազեցրին պատկառանքը նրա հանդեպ։ Կյանքում Գագիկ Գինոսյանը պարապ ու ազատ ժամանակ չունեցավ։ Փորձում էր հասցնել իր բոլոր ձեռնարկներում, շրջագայություններում, ներկայացումներում։ Փորձում էր ուժերը ներածին չափով օգնել գաղփարակից բոլոր ընկերներին, սաներին, թեկուզ ուշացումով ներկա լինել ազգանվեր բոլոր միջոցառումներին, հրավերներին, այդ թվում քաղաքական դաշտի, որտեղ ամենաակտիվ արձագանքողներից էր իբրև մտավորական։ Տոնական սեղաններին նա հասնում էր միշտ ուշացած ու կարճ ժամանակով, երբեմն գիշերվա շատ ուշ ժամերին՝ կրկին նույն մտքերը բերելով իր հետ, անսպառ եռանդով խոսելով ազգային թեմաների մասին։ Չեմ հիշում Գինոսյանին ուղակի սեղանի շուրջ երկար նստած ու վայելքի մեջ ընկղմված վիճակում։ Նա ապրում էր այս աշխարհում հայեցի նկարագիր կերտելու և այդ նկարագիրը սերունդներին փոխանցելու համար։ Մեր օրերում սովորաբար ժողովրդական լայն ճանաչում ունենում են ապազգային ու անճաշակ մշակույթի ներկայացուցիչները։ Դարաշրջանի սպառողական հասարակության հոգևոր հացը լինելուց բացի նրանք վայելում են նաև այդ հասարակության հաշվին գերշահույթ հետապնդող համաշխարհային կառույցներին գործիք դարձած, ազգային ուղեգծից շեղված պետական համակարգերի օժանդակությունը։ «Հայաստանում կան մարդիկ, որոնց անծանոթ է Սամվել Կարապետյանի անունը։ Դա ազգային ողբերգություն է», - ասում էր Գինոսյանն իր ընկերոջ մահվան օրերին։ Ընդամենը 4 տարի անց նույն մտքերն ակամայից ալեկոծվեցին արդեն Գինոսյանի առիթով։ Թեպետ հրաժեշտի հերթերը շատ երկար էին ձգվում ու վերջին տարիներին դժվար է մտաբերել մեկ այլ նման ազդեցիկ արարողակարգ, բայց հայտնի մարդկանցից մեկը սրահից դուրս գալով հետևյալ խոսքն էր մրմնջացել՝ «ազգից էսքան մարդ է մնացել»։ Զարմանալի է, բայց փաստ, որ քիչ չէին նաև մարդիկ, որոնք չեն ճանաչել Գինոսյանին։ Շատերը նրա մասին առաջին անգամ լսեցին և իմացան թաղման շքեղ տեսանյութերից։ Այս ամենով հանդերձ Գագիկ Գինոսյանը իր ժամանակաշրջանի թերևս ամենաժողովրդական հայն էր։ Ագայինը ժողովրդականացնելու հարցում նրա դերը բացառիկ է։ Երբ մի առանձնազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանն ասել էր, որ ազգային մշակույթը շուկայում մրցունակ չէ, Գինոսյանը փակուղու առաջ էր կանգնեցրել նրան հետևյալ հարցն ուղղելով․ «Իսկ քանի՞ անգամ եք դուք ազգայինի շուրջ համարժեք ներդրումներ արել, որ մրցակցություն եք ակնկալում»։ Իր հեղաշրջող գործունեությամբ Գագիկ Գինոսյանը դարձավ այդ մրցակցության ամենավառ օրինակը՝ պարտիզանական կռիվ մղելով բոլոր ուղղություներով։ Կռվեց «Արցախյան» 2 պատերազմներում, կռվեց արտաքին ու ներքին ճակատներում մշտապես ընթացող հիբրիդային պատերազմում։ Լավ հիշում եմ «Ծածկած Շուկայի» քանդման աղմկալի օրերին նրա խոսքը դահլիճում․ «Եթե մեկը կպնի իմ գրպանին, կհանդուրժեմ, եթե կպնի իմ սրբություններին՝ չեմ հանդուրժի»։ Սամվել Կարապետյանի նման ծայրահեղական չէր․ Հայ Առաքելական Եկեղեցու դերն ու կարևորությունը ընդունում էր, բայց չէր լռում անարդարություններ կամ անհասկանալի քայլեր նկատելիս։ Երբ սրբադասվեցին հայոց ցեղասպանության զոհերը, Գինոսյանն իր վրդովմունքն էր հայտնում։ Նժդեհն ու Կոմիտասը սրբադասված չեն, սրբադասված չեն ազգի, ինքնության ու սրբությունների համար արյան գնով պայքարող նվիրյալները, սրբադասվում են համազգային կոտորածի ենթարկվածները, որոնց նկատելի մասը սեփական ոգու տկարության, վախի ու հարմարվողականության հետևանքով է սգո և ամոթի խարան թողել Հայ ազգի պատմության մեջ։ Եկեղեցու պարզաբանումներում ասվում է, որ Ցեղասպանության նահատակների սրբադասմամբ չի նշվում 1,5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տրվում են անհատների անուններ. հռչակվում է նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկան հանուն հավատքի և հայրենիքի: Դեռևս Վազգեն Առաջին կաթողիկոսի օրոք վերհանված այդ գաղափարը ժողովրդին ուղերձ անելու առումով այնուամենայնիվ մնաց լղոզված ու խորքային առումով չհասկացված։ Շատ զգայուն էր Գագիկ Գինոսյանը հատկապես հերոսների ու հերոսականության նկատմամբ և նույնանման վրդովմունք էր հայտնում նաև պետական կառույցներին․ Լեոնիդ Ազգալդյանը ազգային հերոսի կոչում չունի, ազգային հերոս են հռչակված Էռնեկյանը, Ռիժկովը, Շառլ Ազնավուրը՝ մարդիկ, որոնց կարելի է բնութագրել իբրև ազգի բարերարներ կամ բարեկամներ, բայց ոչ հերոսներ։ Հաճախ ներկա լինելով ամեն ամսվա վերջին ուրբաթ օրերին կազմակերպվող պարի բաց դասերին, մասնակցելով «Կարինի» ճյուղերից «Կայթ» խմբի պարապմունքներին ու միջոցառումներին, ես միշտ ուշադիր հետևել եմ Գագիկ Գինոսյանի գործունեությանը, ելույթներին, ինչ – որ տեղ անհոգություն զգալով այն փաստից, որ կա փորձառու և նվիրյալ մեկը, որն անընդհատ ձեռքը պահում է ազգի զարկերակին։ Այդպես անցան տարիներ ։ Իշխանություն ու պաշտոն ունեցողների հովանու ներքո աղավաղվեց «Ծածկած Շուկան», հոշոտվեց ամբողջ մայրաքաղաքի միջավայրը։ Ժողովրդական անհնազանդութան ակցիաները օրվա իշխանության դեմ փոխարինվեցին պայքարով առավել վատ իշխանության դեմ։ Ցեղասպանության զոհերին սրբադասող Հայ Առաքելական Եկեղեցուն սպասվում էր թիրախավորված, վայրագ հարձակում՝ պարտությամբ հպարտացող, գերիներին ու հարկ վճարողներին հերոսացնող, ցեղասպանությունը կասկածի տակ դնող կեղծ մարգարեների կողմից, որոնք իրենց սիրո ու հանդուրժողականության քարոզով ազգին բերեցին նոր ցեղասպանություն, Արցախի կորուստ, նսեմացած օրեր, Հայրենիքի մնացած բեկորին երբևէ սպառնացող աննախադեպ վտանգ։ 2024 թվականի Փետրվարի 6-ի երեկոյան համացանցը գուժեց ահավոր նորությունը՝ «Մահացել է Գագիկ Գինոսյանը»։ Ինձ թվաց, թե կրկին Արցախի չափ մի տարածք կորցրինք։ Ակամայից հիշեցի, թե ինչպես մի առիթով՝ Ալեք Ենիգոմշյանի բանախոսությունից հետո ելույթ ունենալով, Գագիկ Գինոսյանն իր խոսքն ավարտեց հետևյալ նախադասությամբ «Ինձ համար Հայոց Պետականությունը Ալեք Ենիգոմշյանն է»։ Առաջին հայացքից պաթետիկ խոսքեր, որի բովանդակության սրությունը առավել զգացի հենց այդ օրերին։ Հայոց Պետականություն էր նաև Գագիկ Գինոսյանը։ Բարեբախտաբար Կոմիտասի անվան «հոգևոր քարայրը» «Փոքր Մհերի» համար ծառայեց իբրև միայն մի քանի ժամվա հանգրվան։ Յարխուշտայի ծափերով դեպի հերոսների պանթեոն շարժվող մեծ թափորը մարտականչի կենարար կրակը վառելով՝ կրկին լուսավորեց հավերժական պայքարի ճանապարհը։ Նորից տեսա ազգային պարի միջոցով իրար ճանաչող բազմաթիվ մարդկանց, որոնք նույն հույզերով ու գաղափարներով տոգորված միահամուռ, ուժեղ բանակ են դարձել արդեն, ստեղծել են մասնաճյուղեր գիտության, մշակույթի ու արվեստի տարբեր բնագավառներում, շատերը հասցրել են դառնալ մարտական ընկերներ։ Եռաբլուրում մահախոսական ասեց Բագրատ Սրբազանը։

Դիմելով հավաքված բազմությանը՝ նա պատգամեց լինել Գագիկի նման՝ երբեք չուրանալ վկայել ճշմարտությունը։ Համացանցում տարածվեցին 2021 թվականին Օպերայի շենքի դահլիճում Կարեն Վարդանյանին նվիրված երեկոյի առիթով Գինոսյանի արտահայտած սուր մտքերը, որոնք պատերազմից անմիջապես հետո նա ասել էր անձամբ Նիկոլ Փշինյանին՝ օրինակ բերելով մելիք Ֆրանգյուլի և Մխիթար Սպարապետի գերեզմանները։ Ինչպես 90-ականներին իր նետած հրե արկերը, որոնք խոցեցին թշնամու երկու տանկերը, այդ խոսքերն էլ նետված են դեպի հավերժություն՝ խոցելու բոլոր ժամանակների ազգի տականքներին ու ներքին թշնամիներին։ Նետված են հոգեփոխելու և հոգեկերտելու բոլոր նրանց, որոնք խղճի գեթ մի կաթիլ շաղախ կունենան իրնեց սրտերում։ Իր ապրած պայծառ ուղու ընթացքում լինելով կատարելապաշտ՝ Գագիկ Գինոսյանը երբեք ցնորական չդարձավ, լինելով ուղղամիտ՝ երբեք չկորցրեց նրբանկատությունը, միշտ մնաց մարդամոտ ու հարազատ ժողովրդին։ Նա կարողացավ հզոր ազգային շարժում ստեղծել, լինել դրա առաջամարտիներից և այդ շարժումն այլևս անկասելի է։ Նրա կերպարը չի տեղավորվում լոկ արվեստագետի, մշակութային կամ ռազմական գործչի սովորական սահմաններում։ Գինոսյանին բնորոշելու համար այլ բնութագրեր է պետք փնտրել, որոնք թերևս կգտնենք նրա մարգարեների մոտ։
«Հայ ազգը պետք ունի թե՛ զենքով կռվող հերոսների եւ թե՛ մանավանդ մտավոր ազնվական դասի: Այն, որ ես անվանում եմ Արարատյան մարդը…» - ասել է Կոստան Զարյանը, որը Գինոսյանի վերջին տարիների մարգարեներից էր։ Եթե մեծ գրողն ապրեր մեր օրերում կտեսներ այն մարդուն, որը մեկտեղում էր իր նշած երկու տեսակներին՝ հերոսին ու ազնվական դասի մտավորականին։ Գագիկ Գինոսյանը վառ կերպար էր Արարատյան մարդու։
Դիտվել է 21214անգամ
Վերջին լուրեր