Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հուլիս / 2024 : 19-42
Դրամաշրջանառությունը 1918-1924 թթ.
Ռուսաստանում 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Անդրկովկասյան տարածքը դուրս է գալիս Ռուսաստանի կազմից, և ստեղծվում է անկախ միավորում` Անդրկովկա¬սյան կոմիսարիատ:
1918 թ. Անդրկովկասյան կոմիսարիատը շրջանառության մեջ է դնում իր դրամանիշերը` բոները` 1, 3, 5, 10, 50, 100 և 250 ռուբլի անվա¬նական արժեքով, որոնց վրա առաջին անգամ հայտնվում են նաև հայերեն մակագրու-թյուններ: Այս թղթադրամներից սկիզբ է առնում հայկական թղթադրամների պատմությունը:
Նկ. 1. Անդրկովկասյան կոմիսարիատ, 50 ռուբլի անվանական արժեքով բոն

1918 թ. մայիսի 28-ին անկախ հռչակված Հայաստանի առաջին Հանրապետությունը 1919 թ. շրջանառության մեջ է դնում Պետբանկի Երևանի բաժանմունքի չեկերը, այնուհետև 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները, որոնց ձևավորումը կատարել են Հակոբ Կոջոյանը և Արշակ Ֆեթվաճյանը, իսկ տպագրումն իրականացվել է Լոնդոնում՝ «Waterlow and Sons Ltd» ընկերության կողմից: Այս թողարկումն առանձնանում է յուրահատուկ ձևավորմամբ, ազգային պատկերների ու զարդանախշերի օգտագործմամբ, նրբագեղությամբ, պաշտպանվածությամբ և տպագրության բարձր որակով։
Նկ. 2. Հայաստանի Հանրապետություն, 1919 թ․ նմուշի 500 ռուբլի անվանական արժեքով Պետբանկի Երևանի բաժանմունքի չեկ
Նկ. 3. Հայաստանի Հանրապետություն, 1919 թ․ նմուշի 250 ռուբլի անվանական արժեքով դրամանիշ

1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, իսկ դեկտեմբերի 20-ին Խորհրդային Հայաստանի իշխանություններն ընդունեցին դեկրետ, համաձայն որի ռուսական խորհրդային դրամանիշերի շրջանառությունը, մյուս դրամանիշերին զուգահեռ, համարվեց պարտադիր:
1921 թ. շրջանառության մեջ է դրվում Պետբանկի Երևանի բաժանմունքի 10000 ռուբլի անվանական արժեքով չեկը, իսկ ավելի ուշ՝ 5000 և 10000 ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները:
Նկ. 4. Սոցիալիստական Սովետական Հայաստանի Հանրապետություն, 1921 թ․ նմուշի 10000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ

1922 թ. թղթադրամների շարքի թողարկումները շարունակվում են, և շրջանառության մեջ են դրվում 25000, 100000, 1 միլիոն և 5 միլիոն ռուբլի անվանական արժեքով թղթադրամները, ինչպես նաև 5 միլիոն ռուբլի արժողությամբ պարտագիրը։
Նկ. 5. Սոցիալիստական Սովետական Հայաստանի Հանրապետություն, 1922 թ․ նմուշի 1 միլիոն ռուբլի անվանական արժեքով թղթադրամ

1922 թ. վերջին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետությունները միավորվում են Անդրկովկասյան Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների Ֆեդերատիվ Միության (ԱՍԽՀՖՄ) մեջ և թողարկում 1923 թ. թվագրված 1000, 5000, 10000, 25000, 50000, 100000, 250000, 500000, 1 միլիոն, 5 միլիոն և 10 միլիոն ռուբլի արժողությամբ թղթադրամները:
Նկ. 6. ԱՍԽՀՖՄ, 1923 թ․ նմուշի 500000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ

1923 թ. վերջին ԱՍԽՀՖՄ-ն վերակազմավորվում է Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության (ԱՍՖԽՀ), որի թողարկումները թվագրված են 1924 թվականով:
1924 թ. ԱՍՖԽՀ-ն թողարկում է 25, 50, 75, 100, 250 միլիոն և 1 միլիարդ ռուբլի անվանական արժեքով թղթադրամները։
Նկ. 7. ԱՍՖԽՀ, 1924 թ․ նմուշի 1 միլիարդ ռուբլի անվանական արժեքով թղթադրամ

1924 թ. ԽՍՀՄ դրամական բարեփոխմամբ որոշում է ընդունվում Անդրկովկասում շրջանառության մեջ եղած բոլոր տիպի դրամանիշերը Խորհրդային Միության միասնական նմուշի դրամանիշերով փոխարինելու մասին:Բաժնի նյութերին առնչվող հավելյալ տեղեկատվություն հնարավոր է ստանալ ՀՀ կենտրոնական բանկի գրադարանում առկա գրականությունից.
Y. T. Nercessian, Bank Notes of Armenia, Armenian Numismatic Society, Los Angeles, 1988
П.Ф. Рябченко, Полный каталог бумажных денежных знаков и бон России, СССР, стран СНГ (1769-1994 гг.), Издательско-культурологический центр “София”, Киев, 1995
Ռ. Վարդանյան, Գ. Մուղալյան, Ա. Վարդանյան, Ա. Զոհրաբյան, Հ. Հովհաննիսյան, Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, Երևան, 2018
А. Р. Тевотросян, Бумажные денежные знаки Армении, Авторское издание, Ереван, 2020

Աղբյուրը՝ https://www.cba.am/
Դիտվել է 1483անգամ
Վերջին լուրեր