Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հուլիս / 2025 : 16-59

«Արահետ 2025»․ երբ բարձունքները նվաճվում են միասին

2025 թվականի հունիսի 21-22-ին Լոռվա ձորերում՝ Մարցում, մեծ ոգևորությամբ ու խնդությամբ կայացավ արդեն ավանդույթ դարձած լեռնարշավային առաջնությունը՝ «Արահետ»-ը, որի շուրջ միավորվել էին հայոց լեռներն ու բնությունը սիրող շուրջ 150 մասնակիցներ՝ 25 թիմերի կազմում, 70 կամավորներ և բազում հյուրեր։

«Բարձունք» կրթական շարժման այս նախաձեռնությունը հռչակված է որպես Հայաստանի առաջին և միակ լեռնարշավային առաջնություն։ Բայց «Արահետ»-ը միայն մրցույթ չէ․ այն հայի հոգևոր վերակազմավորման ընթացքն է, ճանապարհ է՝ դեպի ինքնաճանաչում, դեպի հայրենիք, դեպի լեռներ։

Ինչպես նշում է «Բարձունք»-ի առաջնորդող խորհրդի անդամ Գայանե Թունյանը․««Արահետ»-ը հայի էության վերածննդի ճանապարհն է։ Լեռների հետ հայ մարդու կենսական կապը վերականգնելով՝ մենք վերագտնում ենք հայրենատեր լինելու գիտակցությունն ու ուժը»։

Մասնակցությունն ընթանում է թիմային ձևաչափով՝ յուրաքանչյուր թիմում 6 հոգի։ Արշավախմբերը նախապես գրանցվում են և պատրաստվում երթուղին հաղթահարելու ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև՝ հոգեպես։ Սա թիմային ջանք, փոխօգնություն և համախմբում պահանջող փորձություն է։

Այս տարի մասնակից 25 արշավախմբերը առաջին անգամ հաղթահարեցին երկու երթուղի՝ պրոֆեսիոնալ (28 կմ) և սիրողական (11 կմ)։ Մրցույթի յուրաքանչյուր քայլը դարձավ թիմային համախմբման փորձություն, իսկ բնության գրկում անցկացված գիշերակացն ու խարույկի շուրջ հյուսված պատմությունները՝ ջերմ հիշողություններ։

Բացի երթուղուց՝ թիմերն իրենց ուժերը փորձեցին նաև հատուկ անվանակարգերում՝ թիրախի խոցում, քարտեզի իմացություն և լուսանկարչություն։

Նախագծի ղեկավար Մհեր Սանոսյանն ընդգծում է․«Այս տարին առանձնահատուկ էր․ մեզ միացան ավելի շատ դպրոցական թիմեր, պատանիներ, ովքեր նոր են բացահայտում լեռները՝ որպես ուժի, միասնության ու կամքը կոփելու աղբյուր»։

Առաջնության երկու օրերը ուղեկցվեց մշակութային շնչով։ Վահագ Ռաշն ու Լիլիթ Պիպոյանը հուզեցին ներկաներին իրենց երգերով, իսկ լեռնարշավորդ Գեղամ Օհանյանի խոսքն արձագանքեց յուրաքանչյուր մասնակցի սրտում՝ հիշեցնելով, թե ինչպիսի արմատներ ունի հայն այս հողում ու այս լեռներում։ «Վարը Վարենկ»-ի ազգային երգերն ու պարերը, «Խնկէնի»-ի ձեռագործ վարպետության արհեստանոցները, մարցեցիների ներգրավվածությունը տոնն ամբողջական դարձրին։

Երկօրյա այս առաջնության արդյունքում առաջատարների բարձունքներին հասան՝

Պրոֆեսիոնալ երթուղի
🥇 Խարույկ արշավական ակումբ
🥈 TriClub EVN-ի «Համեստներ»
🥉 North Peak Mountain Club

Սիրողական երթուղի
🥇 ArmGeo Runners
🥈 «ԶԱՐԿ» ծրագիր
🥉 Սեբաստացիներ

Լրացուցիչ մրցանակներ
📸 Լուսանկարչություն – Լավաշ տուր
🎯 Թիրախի խոցում – Լավաշ տուր
🧭 Քարտեզի իմացություն – Հայքի շառավիղներ

Խարույկ արշավախմբի ավագ Արան ասում է․«Հաղթանակի բանալին մեր թիմային միասնությունն էր։ Իսկ ամենակարևորը՝ բոլորիս միավորող փորձառությունն ու երթուղու նախապես հետախուզումները»։

Այսպիսով, «Արահետ 2025»-ը դարձավ ոչ միայն միջոցառում, այլև լեռնային տոն, ազգային արժեհամակարգի և միասնության խտացված պատկեր։

Հաջորդ տարվա բարձունքները նորից մեզ են սպասում։ Մնում է մեկ բան՝ պատրաստվել ու համարձակել։
Դիտվել է 1284անգամ
Վերջին լուրեր