Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Նոյեմբեր / 2025 : 17-00

Էլվինա Մակարյանի չիրականացած երազանքների մասին. մոնոդրամա. հարգանքի տուրք հայկական ջազի թագուհուն


Ռեժիսոր Արթուր Սահակյանի «Էլվինա Մակարյան․ Չկայացած համերգ» մոնոդրաման նվիրված է հայկական ջազի թագուհի Էլվինա Մակարյանի 75-ամյակին։ Ներկայացման պրեմիերան կայացել է երգչուհու ծննդյան օրը՝ օգոստոսի 16-ին, և մինչ օրս հաջողությամբ ներկայացվում է Երգի պետական թատրոնի բեմում։ Հաջորդ ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին։

Ներկայացման պրոդյուսեր Արամ Թոխատյանի խոսքով՝ ստեղծագործական թիմը սկզբում կարծում էր, թե հանդիսատեսի հիմնական մասը լինելու է ավագ սերնդից, սակայն ի ուրախություն բոլորի՝ Էլվինայի կերպարով հետաքրքրված են նաև երիտասարդները.

«Նրանք գալիս են Էլվինայի երգերը լսելու, բայց բացահայտում են մի բարդ, խորքային ու էպոտաժային կնոջ։ Ներկայացումը նաև հզոր մեսիջ է մեր հասարակությանը․ մենք հաճախ չենք գնահատում մեր տաղանդավոր մարդկանց նրանց կյանքի օրոք։ Ցավոք, գնահատանքը գալիս է այն ժամանակ, երբ նրանք այլևս մեզ հետ չեն։ Այս ներկայացումը հենց այդ չկայացած գնահատանքի ուշացած փորձն է՝ սերնդի կողմից սերնդին փոխանցվող հարգանքի ու հիշատակի ձևով», — նշեց Թոխատյանը։
Ներկայացման հիմքում խորհրդավոր երկխոսությունն է մոր հետ, որի խորհրդանշական կերպարի միջոցով բացվում են Էլվինա Մակարյանի կյանքի տարբեր փուլերը՝ մինչև 2007 թվականի չկայացած երևանյան համերգը։

Այդ չկայացած համերգը դարձել է բեմադրության առանցքը։ Այն նախատեսված էր կայանալ Օպերայի թատրոնում՝ ջազ-բենդի մասնակցությամբ, սակայն ինչ-ինչ պատճառներով չեղարկվեց։ Ներկայացման ռեժիսոր Արթուր Սահակյանն նաև այդ համերգի ռեժիսորն էր։ Էլվինան հատկապես ոգևորված էր սպասվող ելույթով՝ Ամերիկայից ուղարկելով ձայնային հաղորդագրություններ, որոնք այժմ օգտագործվել են ներկայացման մեջ։ Սակայն ընդամենը երկու շաբաթ անց համերգը չեղարկվեց, և երկու ամիս անց՝ երգչուհին հեռացավ այս աշխարհից։

Բեմը բաժանված է երկու մասի՝ հանդիսատեսին տեղափոխելով Էլվինայի կյանքի տարբեր փուլեր ու ներքին աշխարհ։ Էլվինա Մակարյանի կերպարը բեմում մարմնավորում է տաղանդավոր ջազ երգչուհի Իլոնա Սագիևան, որը, ըստ ներկաների, ոչ թե պարզապես խաղում է, այլ ապրում է Էլվինայի դերը։
«Երբ իմացա, որ ինձ է վստահվել Էլվինա Մակարյանի դերը, միաժամանակ մեծ ուրախություն ու պատասխանատվություն զգացի։ Էլվինան ինձ համար պարզապես երգչուհի չէ․ նա դարաշրջան է, էներգիա և լույս։ Ես ինձ խոստացա անել ամեն ինչ, որպեսզի նրա կերպարը ներկայացնեմ արժանապատվորեն։ Նրա երգերը վաղուց էին իմ հոգու մի մասը, բայց այս անգամ բեմում խոսքը միայն երաժշտության մասին չէր։ Պետք էր վերապրել նրա պայքարը, ցավը, հիասթափությունը։ Այդ ընթացքում ես ինքս էլ զգացի, որ շատ բաներով նման ենք՝ խառնվածքով, անկեղծությամբ, ազատությամբ։
Երբ սկսեցի խաղալ, ես չէի փորձում նրան նմանակել․ ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց։ Նույնիսկ Էլվինայի հարազատներն էին ասում, որ բեմում նրա էներգիան է զգացվում։ Դա, կարծում եմ, ամենամեծ գնահատականն է յուրաքանչյուր դերասանի համար։
Առանձին հիշարժան է փոքրիկ խաչը, որը ռեժիսոր Արթուր Սահակյանը նվիրեց ինձ՝ նշելով, որ այն ժամանակին Էլվինան էր նվիրել իրեն։ Այդ խաչը հիմա իմ բեմական թալիսմանն է․ այն ինձ հետ է ամեն ներկայացման ընթացքում՝ որպես Էլվինայի ներկայության նշան», — պատմում է Սագիևան։

Նա հավելում է․

«Եթե Էլվինան այսօր կենդանի լիներ, գուցե այս ներկայացումը երբեք չծնվեր։ Բայց քանի որ կյանքը այդպես չդասավորվեց, ես ինձ համարում եմ նրա ձայնը բեմում։ Եթե իմ խաղով կարողանում եմ մեկ անգամ ևս արթնացնել նրա ներկայությունը մարդկանց սրտերում, ուրեմն մեր գործն իսկապես հաջողվել է»։

Ըստ երգչուհու՝ պատրաստ է նաև «զոհաբերել» այս դերը.

«Եթե Էլվինան ներկա լիներ, կարծում եմ՝ ներկայացումը պարզապես չէր ծնվի։ Այն առաջացավ նրա չկայացած համերգի, չիրականացած երազանքների ու բաց թողնված հնարավորությունների հիման վրա։ Եթե նա այստեղ լիներ, ես միայն ուրախ կլինեի՝ գիտակցելով, որ նա ապրում է իր սիրած Երևանում, և այդ դեպքում ներկայացման անհրաժեշտությունը պարզապես չէր լինի։ Իսկ հետո՝ ամենավերջում, գուցե ծնվեր արդեն նրան նվիրված ֆիլմը»։

Ներկայացման սցենարի հեղինակն է լրագրող Ռուզան Մինասյանը, ով եղել է Էլվինա Մակարյանի մտերիմ ընկերներից։

Դիտվել է 805անգամ
Վերջին լուրեր