Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հունվար / 2026 : 17-26

«Ֆուլ Հաուսը» վերադարձել է

Սիրված սիթքոմ «Ֆուլ Հաուսը» վերադարձել է, սակայն այս անգամ ֆիլմի տեսքով : Հունվարի 29-ից էկրաններ է բարձրացել «Ֆուլ Հաուս. Վայրէջքը»:

Սիրված հերոսները վերադարձել են, սակայն այս անգամ ոչինչ նախկինը չէ: Նոր պատմություն, որը զարգանում է տաղավարից դուրս: Մեկ ամսվից ավել տևած նկարահանումները տեղի են ունեցել Երևանում և Ստեփանավանում:

Ֆիլմում չկա միայն Քրիստինա Եղոյանի կերպարը՝ Զառան, դերասանուհին թղթաբանական խնդիրների պատճառով չի կարողացել ժամանել Հայաստան: Դերասանները կատակում են, որ միայն ԱՄՆ նախագահի միջնորդությամբ կարող էր Քրիստինան գալ և մասնակցել նկարահանումներին: Փոխարենը, ֆիլմում կարող ենք տեսնել նոր կերպարների. դերասանական կազմին են միացել ռուսաստանաբնակ հայ դերասան Արտյոմ Կալաջյանը և Ավետ Բարսեղյանը:

«Ֆուլ Հաուս»-ի վերջին նկարահանումներից անցել է գրեթե յոթ տարի, սակայն «երբ է լինելու շարունակությունը» հարցն այս տարիների ընթացքում հնչել է անդադար, չնայած վերադարձին՝ ֆիլմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը, ստեղծագործական թիմը նպատակ չի ունեցել սիթքոմը նույնությամբ տեղափոխել մեծ էկրան։

Նրա խոսքով՝ «Ֆուլ հաուս. Վայրէջք»-ը ինքնուրույն ֆիլմ է՝ նոր սցենարով, որը չի կրկնում սիթքոմի բովանդակությունը։

Ֆիլմի սցենարի վրա աշխատանքները, ըստ սցենարի հեղինակներից՝ Գրիգոր Դանիելյանի, իրականացվել են մի քանի փուլով։

«Սցենարն ունեցել է վեց տարբերակ, այսինքն՝ մենք մի քանի անգամ աշխատել ենք դրա վրա, որպեսզի այն դուր գա բոլորին և ընդունելի լինի բոլորի կողմից ։ Կարծում եմ՝ մենք հաջողել ենք, իսկ վերջնական գնահատականը կստանանք արդեն հանդիսատեսից և նրա արձագանքից»,- ասաց նա։

Մյուս սցենարիստ Գարիկ Սեփխանյանն էլ վստահեցնում է, որ սցենարը գրելիս որևէ խնդիր չեն ունեցել:

«Դեմ եմ եղել, որ «Ֆուլ Հաուսը» ունենա 10-րդ եթերաշրջան, թեպետ՝ այսքան տարի ամենաշատ տրված հարցը հենց դրան էր վերաբերում: Մենք չէինք ցանկանում, որ «Ֆուլ Հաուսի» որակը տուժեր, այդ պատճառով էլ ավարտեցինք այն իր հաջողության գագաթնակետին, և վերադարձը եղավ միայն գեղարվեստական ֆիլմի տեսքով:

Սցենարական աշխատանքը մեզ համար դժվար չէր, քանի որ մինչ այդ էլ մենք էինք գրել սցենարը, հետևաբար՝ բոլոր կերպարներին շատ լավ գիտեինք: Նշեմ, որ նախկին «Ֆուլ Հաուսից» միայն կերպարներն են ծանոթ, ամեն բան նոր է լինելու: Սցենարը գրելուց հետո թիմային աշխատեցինք, որպեսզի բոլորին դուր գա, որևէ դժվարություն չենք ունեցել, բոլորը բոլորին ճանաչում էին, լավ գիտեինք կերպարները, գիտեինք ամեն մեկը՝ ինչ ձևով կարող է ներկայանալ, նաև
նկարահանումներն էլ են շատ սահուն անցել: Ցավում եմ միայն, որ Ռուբենն առանց իր Զառայի էր մնացել»:

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը՝
նշեցին, որ ֆուլհաուսցիների համար սա պատմական օր է, քանի որ միշտ փայփայել են, որ սիրված սիթքոմը կունենա վերադարձ:

«Հիշեցի մեր բոլոր 12 տարիները ու հասկացա, որ մեզնից յուրաքանչյուրն այս օրն իր մեջ պահել է, բայց համարձակություն չի ունեցել բարձրաձայնելու։ Սա մեզ համար չափազանց կարևոր օր է»,- նշեց Արփին:

Իսկ Աղաս Մանուկյանի համար նախագիծը դարձավ առաջին սիթքոմը, այնուհետև՝ առաջին ներկայացումը, իսկ այսօր արդեն՝ առաջիկ գեղարվեստական ֆիլմը, որում հանդես եկավ հումորիստը:

Մոսո Կարապետյանն էլ նշեց, որ միշտ սպասել է այս վերադարձին:

«Միշտ մտածում էի, որ «Ֆուլ Հաուսը» կվերադառնա՝ թեկուզ ֆիլմի տեսքով:
«Ֆուլ Հաուսը» մեր կյանքում հայտնվել էր շատ ճիշտ ժամանակ՝ լավ դերասանական քասթինգով, ծիծաղելի սցենարով, գրագետ պրոդյուսերական աշխատանքով, դրա համար էլ այդքան ֆենոմենալ հաջողություն ունեցավ, շատ ուրախ եմ, որ որպես դերասան «Ֆուլ Հաուսի» բոլոր նախագծերին մասնակցություն եմ ունեցել՝ թե սիթքոմին, թե ներկայացումներին և հիմա արդեն նաև ֆիլմին: Այս նախագիծը տրամպլին է եղել ինձ համար»:

Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի խոսքով՝ ֆիլմի գլխավոր ասելիքը սերն է։

«Եկեք ֆիքսենք այս մեծ գաղափարը, որովհետև այն այսօր շատերի կյանքում տոտալ բացակայում է։ Ի վերջո, անկախ ամեն ինչից, եթե մարդիկ սիրում են իրար, հարգում են միմյանց և միասին են, նրանք կարող են հասնել ամեն ինչի՝ անկախ նրանից, թե ինչի մասին է խոսքը։ Եկեք, որպես ամփոփում, ֆիլմի համար ընտրենք այս բառերը՝ սեր, հոգատարություն, համախմբվածություն, ընկերություն»,- հավելեց պրոդյուսերը։

Հավելենք, որ «Ֆուլ Հաուս. Վայրէջք» ֆիլմում նկարահանվել են Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Աղաս Մանուկյանը, Մարջան Ավետիտյան, Մոսո Կարապետյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը, Արտյոմ Կալաջյանը և այլք:

Պրոդյուսեր՝ Արմեն Պետրոսյան, սցենարի հեղինակներ՝ Գրիգոր Դանիելյան,Գարիկ Սեփխանյան, ռեժիսոր՝ Կարեն Ամյան:
Դիտվել է 1697անգամ
Վերջին լուրեր