25 / Մայիս / 2020 : 13-13

Հանկարծամահ է եղել Արևշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը

 

Հանկարծամահ է եղել Արեւշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը: Այս առնչությամբ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում նշվում է.

«Գնաց` բոլորին մաղթելով հաջողություն…

Մայիսի 23-ի մայրամուտը վերջինը եղավ Գոգոլ Նիկոլյանի համար: Այդ օրն էլ, ամեն անգամվա պես,աշխատանքի ավարտից առաջ, նոր հանձնարարականներ տվեց աշխատողներին, խոսեց առաջիկա ծրագրերից, հաջորդ օրվա անելիքներից: Առողջություն, հաջողություն ու համբերություն մաղթեց բոլորին, գյուղապետարանից դուրս եկավ ու գնաց:

Գնաց` ընդմիշտ...

Գնաց, դույզն-ինչ չկասկածելով, որ այդ օրը իր աշխատանքային գործունեության ու նաև կյանքի վերջին օրն էր: Գնաց՝ իր հետ տանելով վաստակած հարգանք ու վաստակած սեր: Տխուր լուրը, երբ լսեցին մարդիկ, բոլորի շուրթերին սառեց մեկ բառ` ԱՓՍՈՍ… Անժամանակ էր:

Գոգոլ Նիկոլյանը ծնվել է 1956թ.-ի փետրվարի 13-ին: Սովորել է Արևշատի միջնակարգ դպրոցում: Ավարտել է Հայկական պետական գյուղատնտեսական ինստիտուտը և իր ողջ կյանքը կապել հայրենի գյուղի հետ: 1999թ.-ից/շուրջ 21տարի/ մինչև կյանքի վերջին օրն ու ժամը եղել է Արևշատ գյուղի համայնքապետը: Իր աշխատած տարիներին բեղմնավոր գործնեություն է ծավալել գյուղում: Իրագործել է բազմաթիվ ծրագրեր:

Լավագույն մարդու, 3 երեխաների հոր, 8 թոռների պապիկի, աշխատանքային կոլեկտիվների/գյուղապետարան, մանկապարտեզ, բուժամբուլատորյա, երաժշտական և միջնակարգ դպրոց/ կողմից սիրված ու հարգված մարդու`Գոգոլ Նիկոլյանի հիշատակը մշտապես վառ կմնա իրեն ճանաչողների սրտերում»:

Դիտվել է 18929անգամ
Վերջին լուրեր