28 / Մայիս / 2020 : 21-32

SpaceX-ի Dragon տիեզերանավի պատմական արձակումը հետաձգվել է վատ եղանակի պատճառով

Ամերիկյան SpaceX ընկերությանը պատկանող մասնավոր Dragon տիեզերանավի պատմական արձակումը հետաձգվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով. արձակման երկրորդ փորձը տեղի է ունենալու մայիսի 30-ին, հայտնում է Bloomberg գործակալությունը։ Աղբյուրը սպասվող արձակումը պատմական է որակել, քանի որ դա պետք է լիներ առաջին դեպքը, երբ ամերիկացի տիեզերագնացները դեպի Միջազգային տիեզերակայան էին թռչելու ԱՄՆ տարածքից:

Աղբյուրը մանրամասնում է, որ թռիչքը պետք է իրագործեին երկու տիեզերագնաց, որոնք արդեն համապատասխան հանդերձներով տիեզերանավի ներսում են եղել, երբ թռիչքի մեկնարկից 17 րոպե առաջ չեղարկման մասին հայտարարություն է արվել։

SpaceX ընկերության Dragon տիեզերանավի միջոցով Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, նպատակ ունի առաջին անգամ սեփական տիեզերանավով տիեզերագնացներ ուղարկել ուղեծիր։ Այժմ ՆԱՍԱ-ն ստիպված է ռուսական «Սոյուզ» հրթիռում տեղեր գնել իր տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան հասցնելու համար։ ։

Նշվում է, որ ՆԱՍԱ-ն այս նախաձեռնության համար 6,8 միլիարդ դոլար է ներդրել։ Հայտնի է, որ եթե այս անգամ փորձը հաջողությամբ պսակվի, ապա հետագայում մասնավոր ընկերությունները կսկսեն զբոսաշրջիկներին բաց տիեզերք տեղափոխել։

Դիտվել է 5203անգամ
Վերջին լուրեր