SpaceX-ը Starlink-ի ևս 60 արբանյակ է ուղեծիր դուրս բերել
Falcon 9 հրթիռակիրը հունիսի 4-ին հաջողությամբ մերձերկրային ուղեծիր է դուրս բերել հերթական 60 մինի-արբանյակները, որոնք նախատեսված են Starlink համակարգի ինտերնետ-ծածկույթի տեղակայման համար: Այս մասին Twitter-ում հայտնել է SpaceX-ը։
Այս պահին համակարգը բաղկացած է արդեն 480 տիեզերական սարքերից։
Երկաստիճան հրթիռի արձակումն իրականացվել է չորեքշաբթի՝ ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով 21։25-ին՝ Կանավերալ հրվանդանի ՆԱՍԱ-ի տիեզերակայանից:
Մեկնարկից 15 րոպե անց արբանյակների խումբը, որոնցից յուրաքանչյուրը 260 կգ է կշռում, դուրս է եկել էլիպտիկ ուղեծիր: SpaceX-ի ինժեներների կողմից դրանց աշխատունակության ստուգումից հետո արբանյակները սեփական իոնային շարժիչների օգտագործմամբ կբարձրանան 550 կմ վեր՝ դեպի Երկրի ուղեծիր:
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսից ի վեր Starlink արբանյակների խմբի արդեն 8-րդ արձակումն է ուղեծիր: Վերջինը տեղի է ունեցել ապրիլի 23-ին։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։