SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավով Միջազգային տիեզերակայան թռիչքի համար ընտրվել են առաջին երեք տիեզերական զբոսաշրջիկները

Հայտնի են դարձել առաջին երեք զբոսաշրջիկները, որոնք ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կթռչեն: Այս մասին հայտարարել է Axiom Space ընկերության գործադիր տնօրեն Մայքլ Սաֆրեդինին, փոխանցում է CNBC-ն։
Ընդ որում, նրանց անունները կհայտարարվեն մեկ ամսից։ Դեռևս մարտին Axiom Space-ը SpaceX ընկերությունից դեպի ՄՏԿ թռիչք էր պատվիրել 2021 թվականի երկրորդ կեսին՝ պրոֆեսիոնալ հրամանատարի և երեք զբոսաշրջիկների անձնակազմով:
Այժմ ընկերությունը բանակցություններ է վարում հնարավոր զբոսաշրջիկների հետ հետագա երկու թռիչքների համար, որոնք իրականացվելու են կես տարին մեկ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Crew Dragon-ը միացել էր Միջազգային տիեզերակայանին։ Crew Dragon-ի թռիչքը պատմական է դարձել, քանզի առաջին անգամ մասնավոր տիեզերական ընկերությունն օգտագործել է սեփական տիեզերանավը՝ մարդկանց ուղեծիր դուրս բերելու համար։
Տիեզերանավի թռիչքը Միջազգային տիեզերակայան տևել է գրեթե 19 ժամ, տիեզերագնացներն առաքելության ավարտից հետո կվերադառնան միևնույն Crew Dragon տիեզերանավով: