11 / Հունիս / 2020 : 12-22

-Տո՛ւր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար... 

Կյանքից թանկ բանը. Ավետիք Իսահակյան

ԿՅԱՆՔԻՑ ԹԱՆԿ ԲԱՆԸ 

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր`
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,
Մեռնում էր, աչքը` ջըրի երազին:

Քնքուշ պարիկը* տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տո՛ւր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար,
Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում էր ինքնին.
«Էն թանկագինը` կյանքն է, անպատճառ,
Ախ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին»:
-Էհ, լավ, թո՛ղ լինի, տո՛ւր և նորից առ:

 

Պարիկը ցողեր սրսկեց վերքին
Աղավնին բացեց աչքերը ոսկի,
Ու թևին տալով ծափեց խնդագին.
-Ե՞րբ կուզես կյանքըս, նազելի ոգի:

-Թևերըդ կուզեմ, կյանքըդ քեզ լինի:
-Թևերը՞ս … ինչպե՞ս, ոհ, երբե՛ք, երբե՛ք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի.
Կյանքըս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
Թռիր ու ասա ստրուկ աշխարքին,
Թե ինչն է թանկը կյանքից ավելի…
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ, 1923, ՎԵՆԵՏԻԿ 
* ՊԱՐԻԿ, առասպելական ոգի, փերի, հավերժահարս։

Author's cover photo
Ամսաթիվ 11 / Հունիս / 2020 : 12-22
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 51411անգամ
Վերջին լուրեր