11 / Հունիս / 2020 : 17-57

ՆԱՍԱ-ն որոշել է երկարաձգել Crew Dragon պատմական տիեզերանավի անձնակազմի առաքելությունը Միջազգային տիեզերակայանում

Առաջին ամերիկյան Crew Dragon մասնավոր տիեզերանավի անձնակազմի առաքելությունը Միջազգային տիեզերակայանում կերկարաձգվի մինչև օգոստոս: Այս մասին հայտնում է Space News-ը՝ վկայակոչելով ՆԱՍԱ-ի թռիչքների հարցով ղեկավար Քեն Բաուերսոքսին:

«Crew Dragon-ը շատ լավ է գլուխ հանում, այդ իսկ պատճառով կարծում ենք, որ անձնակազմին այնտեղ կթողնենք մեկ-երկու ամիս»,- ասել է Բաուերսոքսը:

Նրա խոսքով՝ սկզբում նախատեսվում էր, որ տիեզերանավի ուղևորությունը կլինի փորձնական և երկու շաբաթ կտևի: Նշվում է, որ թռիչքն ընթանում է ըստ ծրագրի, տիեզերագնացներն էլ իրենց լավ են զգում:

Հիշեցնենք, որ Իլոն Մասկի SpaceX ընկերության ստեղծած Crew Dragon տիեզերանավի պատմական արձակումը տեղի է ունեցել մայիսի 30-ին: Այն դարձել է վերջին 9 տարում առաջին ամերիկյան տիեզերանավը, որը տիեզերգնացներին տեղափոխել է Միջազգային տիեզերակայան: 2011 թվականից ի վեր ամերիկացիները թռչում էին միայն ռուսական «Սոյուզ»-ներով:  
 

Դիտվել է 9391անգամ
Վերջին լուրեր