Արմեն Պետրոսյանը կեղծում է. ու՞մ է պատկանում Փաշինյաններին վերագրվող առանձնատունը

Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Պետրոսյանն իր էջում հունիսի 11-ին տեղադրել էր մի առանձնատան լուսանկար և գրել, որ դա «ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլ Փաշինյանի՝ Կանադայում գտնվող առանձնատունն է, որը Աննա Հակոբյանը ձեռք է բերել 2019-ին Կանադա այցի ժամանակ 3 միլիոն դոլարով և գրանցել ախրանիկի քրոջ անունով»։

Google համակարգում, սակայն, ամենապարզ որոնումից երևում է, որ Պետրոսյանը կեղծում է։ Առանձնատունը, որի լուսանկարն օգտատերը տարածել է ու վերագրել Փաշինյաններին, ըստ բաց աղբյուրների՝ նույնիսկ չի գտնվում Կանադայում։ Ամերիկյան անշարժ գույքի Zillow բազայի տվյալների համաձայն՝ Պետրոսյանի կողմից նշված առանձնատունը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Մերիլենդ նահանգի Country Club DR Bethesda հասցեում։ Առանձնատունը կառուցվել է 1998 թվականին, ունի 7 ննջասենյակ և 7 սանհանգույց։ Ըստ բնակարանի պատմության՝ այն վաճառվել է 2013 թվականին՝ 3.8 միլիոն դոլարով։ Որպես գնորդի գործակալ՝ հանդես է եկել Margie Halem-ը, իսկ վաճառողի շահերը ներկայացրել է The Fleisher group-ը:

Ամերիկյան մեկ այլ տվյալների ռեսուրսի՝ Clustrmaps.com-ի համաձայն՝ այդ առանձնատունը պատկանում է Ջոզեֆ Ուչուզողլուին (Joseph Ucusoglu), որը «Դելոյթ» խոշոր ընկերության տնօրենն է: Նրանից բացի, տան բնակիչների թվում նշվում է Ուչուզողլունների և Անդերհիլների (Underhill) ընտանիքը։
2013-ից ի վեր առանձնատան սեփականատերերի փոփոխությունների մասին հիշատակումներ չկան։ Հայկական ազգանունով անձանց մասին տվյալներ ևս առկա չեն, և Արմեն Պետրոսյանի ներկայացրած տվյալները կեղծ են ու իրականությանը չհամապատասխանող։
Ո՞վ է ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Պետրոսյանը
Գրառման հեղինակ Արմեն Պետրոսյանը համարվում է Միքայել Մինասյանի մերձավորներից և Մինասյանի հետ փոխկապակցված ընկերություններում Պետրոսյանը կա՛մ տնօրեն է, կա՛մ բաժնետեր։ Այսպես՝ Արմեն Պետրոսյանի անվանը կարելի է հանդիպել «Ձորագետ հիդրոյի» նախկին բաժնետերերի ցանկում: 2011-2019 թվականներին Պետրոսյանին է պատկանել ՀԷԿ-ի բաժնեմասերի 19 տոկոսը։
5 տոկոս բաժնեմաս Պետրոսյանն ունի նաև «Ջազզվե» սրճարանների ցանցում։ Միքայել Մինասյանը «Ջազզվեի» միակ բաժնետերն է եղել 2003-2011 թվականներին։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից ֆեռոմոլիբդենի արտահանմամբ զբաղվող «Ջի Առ Ի փի Սի օ» ընկերությունը ևս փոխկապակցված է Արմեն Պետրոսյանի հետ։ Դա է վկայում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համակենտրոնացման համապատասխան որոշումը, որից պարզ է դառնում, որ Պետրոսյանը դիմել է այդ ընկերության բաժնետեր դառնալու համար։
Մկրտիչ Կարապետյան