18 / Հունիս / 2020 : 15-29

Եթե գյուղում բնակվողը նաև վարձու աշխատող է, ապա նրա երեխայի նպաստը կլինի կրկնակի՝ 53 հազար դրամ․ Նոր որոշում 

 

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 18-ի նիստում հավանություն տվեց «Պետական նպաստների մասին»  օրենքի փոփոխություններին, որը վերաբերում է երեխայի նպաստներին գյուղական բնակավայրերում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ այս փոփոխության նպատակն է իրավական հիմքեր ստեղծել արդեն իսկ հայտարարված ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի համար:

«Մասնավորապես առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակել եւ վճարել անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում: Սա նշանակում է, որ եթե համարվի վարձու աշխատող եւ միաժամանակ բնակվի գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ, այսինքն նպաստի չափը երկուսի դեպքում կկազմի 53 հազար դրամ:

Խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի ՀՀ-ի բնակչության ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրում հաշվառված եւ փաստացի բնակվող ծնողը մինչեւ երեխայի 2 տարեկանը լրանալը:

Նախագծով առաջարկվում է բարելավել նաեւ վարձու աշխատողի խնամքի նպաստի իրացման պայմանները: Մասնավորապես, առաջարկվում է խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը 6 ամսից սահմանել 12 ամիս: Սահմանել, որ խնամքի նպաստի չվճարված գումարը վճարվում է ամբողջ ժամանակահատվածի համար: նաեւ վերացվում է նպաստ նշանակելու համար ծնողի ՀՀ-ում գտնվելու պահանջը:

Պարզեցվում է նորածին երեխայի նպաստ տալու գործընթացը. Նոր ծնված երեխայի դեպքում հանվել է օտար պետությունում երեխայի ծնված լինելու դեպքում այդ պետությունում նպաստ նշանակած լինելու վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու պահանջը»:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս որոշումից հետո գյուղական բնակավայրերում խնամքի նպաստ կստանան նաեւ չաշխատող ծնողները, իսկ աշխատող ծնողները կստանան կրկնակի: Այսինքն քաղաքում ապրող եւ չաշխատող ծնողները չեն ստանա նպաստ, քաղաքում ապրող եւ աշխատող ծնողները կստանան 26 500 դրամ նպաստ: Իսկ գյուղական բնակավայրերում ապրող չաշխատող ծնողները կստանան 26 500 դրամ, իսկ աշխատողները՝ 53 հազար դրամ նպաստ»:

Դիտվել է 28504անգամ
Վերջին լուրեր