22 / Հունիս / 2020 : 11-58

Դիմակով հարսնացու, անկոստյում փեսացու, օնլայն հյուրեր. «կորոնավիրուսային» հարսանիքները (լուսանկարներ)

Կորոնավիրուսի համավարակը խախտել է այն զույգերի ծրագրերը, ովքեր պատրաստվում էին ամուսնանալ բոլոր ավանդույթների համաձայն։ Բայց երիտասարդներն անգամ այս բարդ իրավիճակում գտնում են ելքը։ Գարնանն ու աշնանը Հայաստանում հարսանիքների շատ են լինում։ Բայց կորոնավիրուսի համավարակը խախտել է այն երիտասարդների ծրագրերը, ովքեր այս գարնանը կամ ամռանը պատրաստվում էին պսակադրվել։

Նախ՝ պարետատունն արգելում է հավաքվել ավելի քան 20 մարդուց բաղկացած խմբով, երկրորդ՝ անգամ փոքր միջոցառման ժամանակ պետք է պահպանվեն անվտանգության բոլոր կանոնները։ Իհարկե, շատ զույգեր այդպես էլ չեն հրաժարվել մեծ ու շքեղ հարսանիք ունենալուց, և պարզապես հետաձգել են այն։ Բայց մեր հոդվածի հերոսներն, այնուամենայնիվ, որոշել են պսակադրվել այս պայմաններում և խոստովանում են՝ ամենևին էլ վատ չէր ստացվել։

Երբ հարսն ինքն իր համար թե՛ վարսահարդար է, թե՛ դիմահարդար

Սոնան ու Տիգրանը երբևէ չէին նախատեսել մեծ ու ավանդական հարսանիք անել, ուզում էին մի տանիքի տակ հավաքել ամենամտերիմներին և հարազատներին և հիանալի ժամանակ անցկացնել։ Հարսանիքի օրը նշանակված էր, հոգեբանորեն բոլորը պատրաստ էին, և հանկարծ հայտնվեց կորոնավիրուսը։

«Համավարակի պատճառով մենք փաստորեն երկու օր նշեցինք։ Հարսանիքի նշանակված օրը ֆոտոսեսիա ունեցանք, ամեն ինչ արեցինք, որպեսզի հիշենք այդ ամսաթիվը։ Հետո մեկ այլ օր ընտրեցինք և գնացինք ամուսնությունը գրանցելու»,-պատմում է Սոնան։

ՔԿԱԳ-ում(ԶԱԳՍ) երիտասարդները մենակ են եղել, բակում նրանց սպասում էին երեք ընկերները։ Ո՛չ ծնողները, ո՛չ հորեղբայր-մորաքույրները` ոչ ոք չի մասնակցել Սոնայի և Տիգրանի տոնին։ Նրանք ամուսնացել են պաշտպանիչ դիմակներով, այդպես էլ ստորագրել են իրենց կյանքի կարևորագույն փաստաթղթերից մեկը։

«Շատ էինք անհանգստանում մեր մտերիմների համար և որոշեցինք ամուսնությունը գրանցելու գնալ առանց նրանց։ Աշխատում էինք հնարավորինս քիչ շփվել օտար մարդկանց հետ։ Ես, օրինակ, հագա ճերմակ զգեստը, որը դեռ համավարակից առաջ էի գնել, ինքս հարդարեցի մազերս, ինքս զբաղվեցի իմ դիմահարդարմամբ։ ՔԿԱԳ-ից դուրս գալուց հետո նշեցինք ընկերների փոքրիկ խմբով, քաղցրավենիքի սեղանի շուրջ՝ տորթ, շամպայն։ Մենք երբեք էլ «տաշի՜»-ով հարսանիք չէինք ուզել, բայց չէինք էլ պատկերացնում, որ այն այսպիսին կլինի»,-պատմում է հարսնացուն։

Նրա խոսքով՝ շատ բարդ էր հրաժարվել եկեղեցում պսակադրվելու մտքից։ Հոգևորականն անգամ ասաց, որ կարող է բացառություն անել և պսակադրությունը կատարել միայն նրանց երկուսի համար։ Բայց Սոնան ու Տիգրանը չցանկացան պսակադրվել առանց ծնողների և մյուս հարազատների։ Սոնան հույս ունի, որ դեռ հնարավորություն կունենան բարեկամներով հավաքվել և ինչպես հարկն է ուրախանալ։

Դիմակն ու դիմահարդարումն անհամատեղելի են

Արաքսն ու Արմանը 2 տարի շարունակ մեծ հարսանիքի ծրագրեր էին գծում։ 2019 թ․-ի հունիսի 17-ին՝ Արաքսի ծննդյան օրը, զույգը նշանվել է և նախատեսում էր մեկ տարի անց, հենց նույն օրը, մեծ հարսանիք անել։ Բայց ստիպված եղան միանգամայն նոր սցենար մտածել և համաձայնեցնել այն անկոչ հյուրի՝ կորոնավիրուսի հետ։

«Երբեք չէինք մտածի, որ ստիպված կլինենք ամուսնանալ դիմակներով և բոլոր ծանոթներից ու բարեկամներից ներողություն խնդրել, որ պարետը թույլ չի տալիս մեծ միջոցառումներ անել։ Մեզ հետ միայն ամենահարազատ մարդիկ էին, ընկերներ-ընկերուհիներ չկային։ Մեր հարսանիքը շատ հեռու էր նրանից, ինչ մենք պատկերացրել էինք»,-պատմում է Արաքսը։

Զույգի հարսանիքին ոչ միայն ընկերները չեն եղել, չի եղել նաև ամբողջ քաղաքով պտտվող ու ազդանշաններ տվող ավտոշարասյունը։ Եվ քանի որ մեծ հանդիսությունից ստիպված են եղել հրաժարվել, չի եղել նաև յուրաքանչյուր հարսնացուի համար ամենակարևոր պահերից մեկը՝ հարսի պարը։ Հայկական հարսանիքին, ինչպես հայտնի է, յուրաքանչյուրը պարում է` ինչպես կարող է, և միայն հարսնացուն է ամիսներով պատրաստում իր պարը, որով հրաժեշտ է տալիս հայրական տանը և հայտարարում է, որ ինքն էլ արդեն պատրաստ է մայր դառնալ։

«Դիմակով պսակադրվելը բարդ էր, ինչ խոսք, բայց օրենքը չենք խախտել․ թե՛ մենք, թե՛ հյուրերը դիմակներով ենք եղել։ Ինձ համար հատուկ տոնական դիմակ կարեցին` զգեստին ու քողին համապատասխան։ Բայց միևնույնն է՝ դիմահարդարումն ու դիմակը անհամատեղելի բաներ են։ Եվ զվարճալի էր, երբ դիմակս աստիճանաբար ներկվեց բոլոր շնորհավորող կանանց տոնային քսուքների երանգներով»,-ժպիտով պատմում է Արաքսը։

 

Բարեբախտաբար, զույգը ստիպված չեղավ ամուսնական մատանիները ռետինե ձեռնոցների վրա անցկացնել․այդ ժամանակ պարետատունն արդեն հայտարարել էր, որ ձեռնոց կրելը պարտադիր չէ, ավելի լավ է հաճախ լվանալ ձեռքերը։

Օֆլայն հարսանիքն ու առանց կոստյումի փեսան

Արթուրը և Անուշը ապրիլի 19-ին են ամուսնացել։ Այդ ժամանակ երկրում արդեն արտակարգ դրություն էր, բայց դիմակ կրելը դեռ պարտադիր չէր։ Ու թեև զույգը ստիպված չեղավ դիմակով համբուրվել, բայց նրանց այլ փորձություններ էին սպասում․երկրում խիստ պարետային ռեժիմ էր։

«Չէինք ուզում օրը փոխել, որովհետև շատ երկար ենք ընտրել այդ օրը։ Դեկտեմբերից որոշել էինք, որ ուզում ենք բաց երկնքի տակ ամուսնանալ և ընտրեցինք ապրիլ ամիսը, քանի որ մարտին դեռ ցուրտ է։ Եկեղեցում խորհուրդ տվեցին նշել Զատկից հետո, այդպես էլ ընտրեցինք ամսաթիվը։ Եվ շատ ուրախ եմ, որ չհետաձգեցինք, հետո ավելի բարդ կլիներ»,-ժպիտով պատմում է Արթուրը։

Ապրիլին երկրում խիստ պարետային ժամ էր, փակ էին բոլոր խանութները, բացի մթերայիններից։ Անուշի զգեստը պատրաստ էր դեռ արտակարգ դրությունից առաջ, իսկ Արթուրը, շատ տղաների պես, որոշել էր վերջին օրերին գնումներ անել։

«Ոչ նոր կոստյում ունեի, ոչ կոշիկ, բոլոր խանութները փակ էին։ Հետո որոշեցի, որ «կոստյո՞ւմն է, որ պիտի գեղեցկացնե ինձ» և հագա այն, ինչ ունեի, պիջակն ու թիթեռնիկ փողկապը եղբայրս տվեց»,-ծիծաղում է փեսացուն։

Ապրիլին արգելված էր հավաքվել մեծ խմբերով, եկեղեցիները նույնպես փակ էին, և նորապսակները չկարողացան պսակադրվել իրենց սիրելի Գեղարդավանքում։ Բայց զույգը չհուսահատվեց. օգնության հասավ ընտանիքի բարեկամ հոգևորականը, որը պսակեց նրանց։ Իսկ ընկերների համար Արթուրն ու Անուշը տոնին մասնակցելու հետաքրքիր ձև գտան։«Ռեստորանի փոխարեն հավաքվեցինք մեր քավորի տանը։ Ընդամենը 14 հոգի էինք՝ միայն ամենահարազատ մարդիկ և լուսանկարիչը։ Որպեսզի մեր ընկերները նույնպես մասնակցեն, նրանց համար առցանց հեռարձակում էինք վարում։ Շատ հետաքրքիր զգացողություններ էին, զգում էինք, որ մենակ չենք։ Ինձ էլ, Անուշին էլ այդ ձևը շատ դուր եկավ, քանի որ երկուսս էլ ստանդարտ հարսանիք չէինք ուզում»,-ասում է Արթուրը։

Փեսացուն ասում է, որ չնայած հիանալի օր անցկացրին, բայց հաջորդ 14 օրը երկուսն էլ ասեղների վրա են եղել և հանգիստ շունչ են քաշել միայն այն ժամանակ, երբ պարզվել է, որ հյուրերից ոչ ոք, բարեբախտաբար, չի վարակել։

Հարսանիքը յուրահատուկ ձևով պետք է նշել, որ հիշվի ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ մեր հերոսների համար այն հենց այդպիսին դարձավ, բայց ոչ շնորհիվ նախնական սցենարների, այլ մեր հերոսների հնարամտության և կորոնավիրուսի բերած նոր կանոնների շնորհիվ։

armeniasputnik.am

 

Դիտվել է 65806անգամ
Վերջին լուրեր