Կորոնավիրուսով վարակված պացիենտների հոսպիտալացման խնդիրն ամբողջովին լուծված է․ Նախարար

Կորոնավիրուսով վարակված պացիենտների հոսպիտալացման խնդիրն ամբողջովին լուծված է։ Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հունիսի 22-ին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքերով՝ վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով պայմանավորված հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների թիվը տատանվել է 150-200 մարդու շրջանում, իսկ նրանցից ոմանք տանն էին գտնվում:
«Լուծման փուլում է նաեւ բժշկական հաստատություններից այդ վարակը բուժող կենտրոններ կորոնավիրուսով պացիենտների տեղափոխման խնդիրը: Այս հարցը նույնպես շուտով կլուծվի» - նշեց Արսեն Թորոսյանը:
Նա հավելեց, որ վաղը եւ մյուս օրը բուժման գործընթացին կմիանան լրացուցիչ ուժեր՝ «Դիլիջան» ԲԿ-ից։
«Բացի այդ, կմիանան նաեւ «Արմենիա» ԲԿ-ի 50 մահճակալներ եւ 8 վերակենդանացման մահճակալներ, ինչպես նաեւ «Սպիտակ» եւ «Մարտուն» ԲԿ-ների 50 մահճակալներ»,- եզրափակեց նախարարը։