Աննա Հակոբյանը՝ գովազդային արշավի մոդել (լուսանկարներ)

Այսուհետ ‹‹Հայաստանը սեր է››, ‹‹Հանգստացիր Հայաստանում››, ‹‹Visit Armenia››, ‹‹Armenia Love›› խորագրերով և հեշթեգերով Հայաստանի ու Արցախի պատմամշակութային վայրերից լուսանկարներ համացանցում ավելի հաճախ կհանդիպեք։ Արշավի նախաձեռնողը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է, նպատակը՝ ներկայացնել հայկական մշակույթը, զբոսաշրջային վայրերը, հոգևոր արժեքները, սնունդն ու ավանդույթները։
Արշավի առաջին կանգառը Արցախն է։ Ընտրվել է վեց վայր, որոնք ներկայացնում են Արցախի պատմությունը, հոգևոր, պատմամշակութային հարուստ ժառանգությունն ու բնության հրաշալիքները։
Այս մասին հայտնում է ‹‹Արմենպրես››-ը, ում հետ զրույցում Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը նշել է, որ նկարահանումների ընթացքում նոր գաղափարներ են առաջացել և Արցախը կրկին կներկայացնեն՝ արդեն նոր գույներով ու վայրերով։
‹‹Շատ խորհրդանշական է, որ արշավը մեկնարկում է հենց Արցախով, քանի որ յուրաքանչյուր հայի համար ‹‹ազատ Արցախ›› հասկացությունը ոգեշնչում և ուժ է տալիս։ Այնպիսի տպավորություն է, որ ցանկացած գործ, որ նախաձեռնում ես Արցախում՝ դատապարտված է հաղթանակի։ Արշավի մեկնարկի համար ընտրվել է վեց վայր՝ պայմանով, որ կրկին վերադառնալու ենք Արցախ և ներկայացնելու Արցախի յուրահատուկ շունչն ու էներգետիկան››,- ասել է Հասմիկ Հարությունյանը՝ նշելով, որ առաջին շարքով ներկայացվել է Արցախի Դադիվանք վանական համալիրը, Զուար գյուղում գտնվող ‹‹Տաք ջուր›› զբոսաշրջավայրը, Տիգրանակերտի թանգարանը, ‹‹Հունոտի կիրճ›› բնապատմական արգելոցը, Շուշիի Գորգերի թանգարանն ու Նիկոլ Դումանի տուն-թանգարանը։








