«ՄԵՀՅԱՆ» գիտամշակութային հանդեսի ստեղծագործական կազմը դիմում է ազգայինը կարևորող մեր հայրենակիցներին
«Սիրելի՛ ընկերներ,
Կարծում եմ` բոլորդ նկատել եք, որ Հայաստանում տիրող քաղաքական զարգացումների և համընդհանուր գաղջի արդյունքում զգալիորեն ստվերվել ու տուժել է մշակութային կյանքը, մասնավորապես ազգային մշակույթը։
Մտահոգ լինելով այդ իրավիճակով և առաջնորդվելով «ավելի լավ է մեկ մոմ վառել, քան անվերջ բողոքել խավարից» սկզբունքով՝ ընկերներիս հետ որոշեցինք փոքրիկ լումա ներդնել ազգային մշակույթի լուսաբանման գործում և ստեղծել «ՄԵՀՅԱՆ» գիտամշակութային հանդեսը։
Քննարկումների արդյունքում եկանք եզրահանգման, որ միջոցներ չենք խնդրելու կոնկրետ հովանավորներից ու հիմնադրամներից` հնարավոր կախվածությունից և դրանից ծագող հետագա բարդություններից խուսափելու նպատակով: Ուստի նպատակահարմար գտանք ուղիղ դիմել մեր ընկերներին և ազգային կյանքով ապրող, ազգայինը կարևորող մեր հայրենակիցներին։
Ակնկալում ենք բոլորիդ աջակցությունը՝ մեր մշակույթի պահպանմանը և զարգացմանը միտված ամսագրի ստեղծման գործում։ Տպագրվող յուրաքանչյուր համարի առաջին էջում կգրվեն այն մարդկանց կամ կազմակերպությունների անունները, որոնց նվիրատվությունների շնորհիվ լույս կտեսնի տվյալ համարը:
Յուրաքանչյուր փոխանցում, անկախ չափից, կարևոր է և երախտագիտություն հարուցող:
Առաջիկայում մանրամասներ կհաղորդենք բացված հաշիվների և հաշվետվողականության մեխանիզմների վերաբերյալ։
Հ.Գ. Նախնական որոշել ենք հետևյալ թեմատիկ բաժանումները.
ա. Մշակույթ (բոլոր բաժիններով)
բ. Գիտական
գ. Բանավեճի հարթակ
դ. Գիտահանրամատչելի
ե. Նոր գրքեր (նպատակ ունենալով ինչ-որ կերպ լրացնել «Գրքերի աշխարհի» բացը)
զ. Գրականություն
է. Հուշագրություն
ը. Երգիծանք
Սիրով կլսենք բոլորիդ կարծիքները և դիտողությունները»:
Գևորգ Գյուլումյանի ֆեյսբուքյան էջից
«ՄԵՀՅԱՆ» գիտամշակութային հանդեսը տպագրության համար էինանսական աջակցության կարիք ունի