26 / Հունիս / 2020 : 20-05

Virgin Galactic-ն ու ՆԱՍԱ-ն մեծահարուստների համար մասնավոր թռիչքներ կկազմակերպեն դեպի ՄՏԿ

Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic ընկերությունը սկսել է պաշտոնապես համագործակցել ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության՝ ՆԱՍԱ-ի հետ՝ նպատակ ունենալով ֆինանսապես ապահովված անձանց համար մասնավոր թռիչքներ կազմակերպել դեպի Միջազգային տիեզերակայան:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ընկերությունը հայտարարել է, որ ՆԱՍԱ-ի Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնի հետ կնքել է համաձայագիր, որի շրջանակում Virgin Galactic-ը ՆԱՍԱ-ի համար տիեզերագնացների նախապատրաստման նոր մասնավոր ծրագիր է մշակելու:

Սա նշանակում է, որ ընկերությունը որպես միջնորդ կծառայի դեպի ՄՏԿ թռչել ցանկացողների և նման ծառայություն տրամադրող ընկերությունների միջև:

Virgin Galactic-ից նշել են, որ սա հրաշալի հնարավորություն է ոչ միայն մեծահարուստների, այլև տիեզերքն ուսումնասիրող գիտնականների համար:

Աղբյուրը հավելում է, որ վերջին ինը տարում ՄՏԿ հասնելու միակ տարբերակը ռուսական «Սոյուզ» կապսուլն էր: Սակայն այս ոլորտում Ռուսաստանի մենաշնորհը վերացրեց ամերիկյան SpaceX ընկերությունը, որի Crew Dragon տիեզերանավը չորս շաբաթ առաջ երկու տիեզերագնացի ՄՏԿ տեղափոխեց:

Դիտվել է 6130անգամ
Վերջին լուրեր