02 / Ապրիլ / 2020 : 17-41

 -Զինադադա՜ր է, զինադադա՜ր է,-շնչակտուր ներս մտավ մայրս․ բոլորն ուրախ խառնվեցին․․․ տատս չուրախացավ

- Այս ի՞նչ ես նկարել, Անահի՛տ։

- Խաղաղությո՜ւն...

Նայում եմ նկարին ու ապշում․ իսկապես խաղաղություն է նկարել Անահիտը․նկարում կա հայր, մայր, քույր և եղբայր... հա՛-հա՛, հենց խաղաղություն է նկարի անունը։

Պատերազմ, խաղաղություն.... խաղաղություն, պատերազմ... ու հանկարծ վեր եմ թռչում տեղիցս։ Հիշում եմ, ավելի՛ն, երբեք չեմ մոռանա... այնքան աննկատ եկավ մեր տուն, այնքան անսպասելի...  Եկավ ու քարշ եկավ տատիս փեշերից, քաշեց քաշքշեց, կորացրեց, երկու ձեռնափայտ մեկնեց նրան... եկավ, որ էլ չգնա... ու 24 տարի շարունակ մենք քարշ ենք տալիս նրա գոյությունը...

-Զինադադար է, զինադադար է,-շնչակտուր ներս մտավ մայրս, բոլորն ուրախ խառնվեցին... տատս չուրախացավ. նա սառած և անթարթ նայում էր իր առջև հառնող բլուրին և ափսոսանքով սկսեց բարձր լաց լինել։

Ես այդ օրը ոչինչ չհասկացա. տատիս ցավ պատճառեց այն, որ զինադադա՞ր է, թե՞, որ այդ զինադադարը մեկ տարի շուտ չեկավ։ Բայց ես ուրախ էի, որովհետև այդ բառն ինձ շատ էր դուր եկել... զինադադա՜ր է... համ էլ, վերջապես նա կգնար մեր տնից, նա, որ եկել ու այդպես քարշ էր գալիս տատիս փեշերից... կգնար, չէ՞ որ զինադադար է... կգնար, բա ոնց չէր գնա. 24 տարի է պտույտ է գալիս մեր տան անկյուններով` ամեն պահի շրխկացնելով դեմքիդ նրա բացակայությունն ու իր ներկայությունը...

Իսկ ես տարիների ընթացքում հասկացա, որ պատերազմները չեն հեռանում, պատերազմներում զինադադար չկա, պատերազմերը կյանքեր ու բառեր են խլում... ու 24 տարի անց այդ պատերազմը հիմա ուրշների տներ է ներխուժել, որ խառնի, որ քարշ գա տատիկի փեշերից, որ բառեր խլի, որ...

-Նայի՜ր,- կրկին բացականչեց Անահիտը՝ իրար խառնելով մտքերս,- նայի՛ր, կրկին խաղաղություն եմ նկարել։

Նկարում այս անգամ Արցախն էր։

Նյութի աղբյուր՝ Yelaket.am  

03.04.16թ․

Author's cover photo
Ամսաթիվ 02 / Ապրիլ / 2020 : 17-41
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 5111անգամ
Վերջին լուրեր