02 / Ապրիլ / 2020 : 18-17

Մեր միասին ապրած հինգերորդ աշունն էր, երբ նա գնաց...

Իմ զինվորը 27 տարեկան է. բարձրահասակ, թիկնեղ, կիսագանգուր մազերով, կիսափակ ժպիտով.... մեր բաժանումը տեղի ունեցավ դեռևս տարիներ առաջ, երբ նա որոշեց գնալ.... ես չեմ հիշում հրաժեշտի պահը, բայց ինձ թվում է՝ վերցրել է ավտոմատը, կախել իր թիկնեղ ուսից, ետ տարել դեմքիս անփույթ թափված գանգուրները, համբուրել ճակատս ու գնացել...

Ես չեմ հիշում մեր հրաժեշտի պահը, որովհետև գիշեր է եղել, իսկ ես՝ քնած... Մեր միասին ապրած հինգերորդ աշունն էր, երբ նա գնաց... շատ բան չեմ հիշում նրանից. մի անգամ միասին գնացել ենք Ձախ Հարութի համերգին, մի անգամ ինձ ծաղիկներ էր բերել՝ սարի վայրի ծաղիկներ՝ գույնզգույն, ուրախ... մի անգամ էլ Ամանորին ձեռքս չէր հասնում սեղանին դրված կոնֆետին, խնդրեցի, որ ինձ կոնֆետ տա, գրկեց ինձ այնպես, որ հասնեմ կոնֆետներին ու իմ ձեռքով վերցնեմ ինչքան ուզում եմ:

Նրանից հետո դա ինձ համար դարձավ սովորություն․ երբեք երեխաներին հատով կոնֆետ չեմ տալիս, գրկում եմ, որ իրենց ձեռքով վերցնեն ինչքան ուզում են: Գնա՜ց... շատերի նման գնաց ինձանից՝ առանց հրաժեշտի ու ներողության... իսկ ես սպասում էի, կարոտում, ջերմում, տխրում... մինչև մի օր մայրս ափերումս ամուր սեղմած նկատեց ևս մեկ նամակ նրան գրված... և իրեն մեղավոր զգալով՝ բացատրեց ինձ, որ նա էլ չի գալու... ու ինչ-որ բառեր ասաց՝ Արցա՜խ, հայրենի՜ք, հերոս...բայց ոչինչ չէի հասկանում, ափերումս հուսահատ թրջվել էր նրան գրած վերջին տողերս. «Պա'պ, ես սպասում եմ քեզ, բայց տատիկն ավելի շատ»:

Իմ զինվորը 27 տարեկան է... ու կապ չունի՝ ո՞ր թվականին, ե՞րբ... նա միշտ 27 տարեկան է, գանգուր մազերով, բարձրահասակ, թիկնեղ.... իսկ մեր բաժանումն ամենագեղեցիկն էր. նա վերցրել է ավտոմատը, կախել իր թիկնեղ ուսից, ետ տարել դեմքիս անփույտ թափված գանգուրները, համբուրել ճակատս ու գնացել..․

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am 

Author's cover photo
Ամսաթիվ 02 / Ապրիլ / 2020 : 18-17
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 9300անգամ
Վերջին լուրեր