Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հուլիս / 2020 : 10-00

Եղբայրս կորոնավիրուսից մահացած 18 դիակ բացել ու փակել է, մեր տատիի դին չի եղել․ 82-ամյա գյումրեցի տատիկի դիակի կորելու մասին

Երեկ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել էր այն մասին, որ չեն կարողանում գտնել գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին, ով հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում մահացել էր կորոնավիրուսից։

«Մի պահ թվաց աղջիկն անհաջող հումոր է անում ու որոշեցի հետը զրուցել: Մնացած պատմությունը՝ տատիկի կորած դիակի մասով, դա ամոթ ու խայտառակություն է: Տատիկը մահանում է, ինչպես արդեն ասացի, հունիսի 29-ին, և հարազատներին տեղեկացնում են, որ տատիկի դին կարող են ստանալ Աբովյան քաղաքի անատոմիկից: Երկու օր է Մարիամի եղբայրն անատոմիկում փորձում է գտնել տատիկի դին, բայց դին պարզապես չկա: Ավելին, երիտասարդը, անտեսելով վտանգը, անձամբ մտնում է անատոմիկ և դիակների մեջ փորձում գտնել իր տատիկին: Ու չի գտնում։

Բնականաբար, հարազատները դիմել են պարետատուն, որտեղից նրանց ուղղորդել են առողջապահության նախարարություն, դիմել են առողջապահության նախարարություն, որտեղից նրանց հետ են ուղարկել պարետատուն:

Վերջում դիմել են ոստիկանություն, սակայն առ այս պահը տատիկի դին չի գտնվել։

Հարազատներին հաջողվել է այլ աղբյուրներից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և, կրկին ըստ ամենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ:

Հիմա ասածս ինչ է` լավ, դուք իսկապես չե՞ք հասկանում էս ինչ եք անում ու որ որևէ մեկդ չեք խուսափելու պատասխանատվությունից»,- գրել էր պատգամավորը։

Aravot.am-ը կապ է հաստատել Մարիամ Մալխասյանի հետ, որը մեզ պատմեց հետևյալը․ «Մոտ տաս օր է՝ 82 տարեկան տատիս տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Մայրս բժշկուհի է, տատիի մոտ կասկածում էր թոքի ուռուցք՝ նորագոյացություն, իրեն սկզբում տեղափոխեցին Գյումրի բժշկական կենտրոն, այնտեղ սկզբում նորմալ էր վիճակը, ջերմաչափեցին, ջերմություն չուներ, մի ժամ չանցած՝ զանգեցին, ասացին տատին ջերմություն ունի, կասկածում ենք կորոնավիրուս։ Մտածեցինք՝ լավ, տատին չորս ամիս է՝ տնից դուրս չի եկել, ինքն էլ նորմալ չէր կարող քայլել, որտեղի՞ց պիտի վարակվի։ Ուղարկեցին «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, թեստը դրական էր եղել, բայց իր քրոջ մոտ, ով իր հետ էր ապրում, թեստը բացասական էր, մեր տան կողքն էին ապրում։

Մենք կապի միջոց թողել էինք տատիի մոտ, երկու անգամ խոսել ենք հետը, բժիշկների հետ էլ ամեն օր խոսում էինք, ասում էին՝ տատիի վիճակը կայուն ծանր է։ Հետո ասացին՝ երկրորդ թոքն էլ է ախտահարվել, բորբոքվել է, ինքն էլ լավ չէր սնվում, համարյա չէր սնվում, ասացին՝ մի երեք օր, որ դիմանա, կառողջանա։

Երեք օրն անցավ, տատին նորմալ էր, պիտի զոնդ դնեին։ Տատին չէր ուտում, ասում էին՝ զոնդ դնենք, որ կերակրենք, ուտելիքից հրաժարվում է։ Այդ օրը հակառակի պես չստացվեց բժշկի հետ խոսել, երեկոյան զանգեցինք հերթապահ քույրի հետ խոսեցինք, ասաց, որ տատիի վիճակը կայուն ծանր է, ուղղակի էլի լավ չի սնվում։

Հաջորդ առավոտ զանգեցին, ասացին, որ տատին մահացել է, հարցրեցինք՝ ինչպե՞ս ենք ստանալու դին, արդյո՞ք վտանգավոր չէ, որ կորոնավիրուսով մահացածին մենք տուն պետք է բերենք։ Ասացին՝ ոչ․ մենք այստեղ հատուկ մշակումներ ենք անցկացնում, կազմակերպություն կա, որը գալիս է, հերմետիկ դագաղ է տրամադրում։ Իմիջիայլոց, նաև նշեմ, որ այդ բոլոր ծախսերը մենք ենք հոգացել, ոչ մի փոխհատուցում չի եղել․ հերմետիկ դագաղի գումարը և տեղափոխումը դեպի Գյումրի 140 հազար դրամ էր արժեցել։ Մենք այդ հարցն էլ կարգավորեցինք, պայմանավորվեցինք, որ այսօր պիտի հուղարկավորությունը լիներ։ Եղբայրս երեկ գնաց, որ այդ հարցերը կարգավորեինք։ Եղբայրս ասաց՝ դիակը չփակեք, որ հետը պիտի իր սիրած շորերը դնենք։

Գնաց ու դիակը չկա, դիակը կորել է, ոնց թե կորել է, զանգում ենք պարետատուն, ասում ենք կորոնավիրուսով հիվանդի դիակը կորել է, ասում են՝ ոնց թե կորել է։ Ինքը ամսի 29-ին երեկոյան ժամը մոտ 18․30-ին մահացել է, իրեն հիվանդանոցից ուղարկել են հերձարան Աբովյան քաղաքի․ կորոնավիրուսով մահացածներին ուղարկում են այնտեղ, դիակը չեն հերձում։ «Գրիգոր Լուսավորիչ»-ում մշակում են, ուղարկում են Աբովյանի դիահերձարան, էդ կազմակերպությունն էր գնում, հերմետիկ դագաղի մեջ են դնում, տալիս են տերերին, իրենց տրանսպորտով տեղափոխում են»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 27443անգամ
Վերջին լուրեր