02 / Հուլիս / 2020 : 13-30

Դիմակների ավելցուկ է գոյացել. Փաշինյանը կոչ արեց կրել գործարանային արտադրության դիմակներ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ընթացքում իրենց պաշտոնական ուղերձը դիմակների հետ կապված փոխվել է։

«Այսօր առավոտյան, միջազգային լրատվությանը հետևելով արձանագրեցի, որ աշխարհի նույնիսկ գերզարգացած երկրներ կան, որ դիմակների հետ կապված ուղերձը նոր փոխվում է։ Ես արձանագրեցի, որ այդ գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը բավականին երկար ժամանակ սկզբունքորեն հակառակն է ասել դիմակների հետ կապված և այսօր պաշտոնապես արձանագրել է, որ, այո, ընդունում է, որ դիմակները լինեն պարտադիր և կրվեն», - նշեց նա։

Վարչապետը ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց, թե ճիշտ է արդյոք, որ դիմակների գների անկում կա:

«Այո, պարոն վարչապետ, միանշանակ ճիշտ եք։ Բայց հիմա մի հատ ուրիշ խնդիր ունենք։ Ներկրված դիմակները, քանի որ մի քանի ամիս առաջ են ներկրվել, թանկ են ներկրվել, իսկ տեղական դիմակները 60 դրամ են, հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ, այսինքն՝ ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է։ Մեկ խմբաքանակ Հայաստանից արտահանում արդեն կատարվել է դիմակների՝ 60 դրամով, մյուս խմբաքանակի համար ևս հայտարարվել է։ Հիմա երկու խնդրի առաջ ենք կանգնած։ Եթե չենք թույլատրելու դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողները ստիպված են լինելու վնասով ավելի էժան գներով վաճառել, իսկ եթե թողնում ենք, ապա գինը մնում է կայուն՝ 60 դրամ տեղականը և մի փոքր ավելի թանկ՝ դրսից ներկրվածը։ Նոր խմբաքանակը սպասվում է մոտ մի քանի ամսից, որ ավելի կէժանանա», - ասաց Գևորգյանը։

Վարչապետն էլ արձագանքեց, որ այդտեղից այլ եզրակացություն պետք է անել։

«Հասկանալով դիմակների գների բարձր լինելը՝ մենք ասացինք, որ նրանք, ովքեր հնարավորություն ունեն, թող գործարանային արտադրության դիմակներ կրեն, իսկ ովքեր չունեն, կարող են տնային պայմաններում կարված դիմակներ կրել։ Հիմա մենք ունենք գնանկում և ունենք պրոֆիցիտ, հիմա կարող ենք անցնել երրորդ փուլին, մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ։

Եվ պարոն Գևորգյան, ձեր ասած հարցը կլուծվի այդպես։ Այսօր, երբ նայում ենք շուկայում դիմակների սպառման ծավալները, մեզ պետք չէ նույնիսկ գնալ փողոցում մոնիթորինգ անել, տեսնում ենք, թե երկրում ամեն օր քանի դիմակ է սպառվում ու մեզ համար պարզ է, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը գործարանային դիմակ չի կրում, և մենք ասել ենք, որ գործարանային արտադրության դիմակները շատ ավելի օգտակար են», - ընդգծեց վարչապետը։

 

Դիտվել է 8698անգամ
Վերջին լուրեր