Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հուլիս / 2020 : 13-52

Ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի պատմությանն օր առաջ պետք է վերջ դնենք. Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այս ընթացքում Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ շարունակական մոնիթորինգ են իրականացրել, թե որքանով են ՀՀ տարածքում հասանելի առկա սպանդանոցները. «Ելնելով այդ դինամիկայից՝ քարտեզագրել ենք, թե համայնքներում ինչպես պետք է տեղակայված լինեն այդ սպանդանոցները, որպեսզի յուրաքանչյուր շահառու համայնքից դրա հեռավորությունը լինի խելամիտ սահմաններում։ Որպես այդպիսի չափորոշիչ ընտրել ենք մոտ 30 կմ հեռավորությունը։ Այս պահին գործում է 23 սպանդանոց և ներկայում կառուցման մեջ է գտնվում 36 սպանդանոց»,-ասաց նախարարը՝ նկատելով, որ եթե հանում ենք այս սպանդանոցները, այնուամենայնիվ Հանրապետության որոշակի մարզերում կլինեն համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում ծառայություն մատուցող սպանդանոցներին։

«Մեր առաջարկի բովանդակությունը հետևյալն է. այնտեղ, որտեղ դեռևս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ համայնքում սպանդանոց շահագործող մեկը կամ սահմանակից մարզում մեկը որոշում է սպանդանոց կառուցել այդ համայնքներից որևէ մեկում, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսային կետը, բայց ոչ ավել քան 4մլն800 հազ. դրամ սուբսիդիա ենք հատկացնում»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։

Վերջինս նշեց, որ կպահանջվի ևս 14 կետ, որտեղ սպանդանոցների առկայությունից հետո կարող են ասել, որ բոլոր համայնքներից ոչ ավել քան 30 կմ հասանելիությամբ կան շահագործվող ծառայություն մատուցող սպանդանոցներ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ այս ճանապարհին այլընտրանք չկա և չի կարող լինել. «Բոլոր կանխատեսումներով առաջիկա ժամանակաշրջանում համաճարակները լինելու են մարտահրավերներ, և մենք ասֆալտներին վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի և սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»,-ասաց վարչապետը։

Դիտվել է 5833անգամ
Վերջին լուրեր