02 / Հուլիս / 2020 : 23-45

Կորոնավիրուսի վարակման դեպքերը Գորիսում ավելանում են

Մայիսի 30-ին Սյունիքի մարզպետարանը տեղեկացրել էր, որ Գորիս քաղաքում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք: 

«Goris Today»-ի տեղեկություններով, այսօր՝ հուլիսի 2-ին, Գորիսում հաստատվել է նոր կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Մեր աղբյուրի փոխանցմամբ, օջախները տարբեր են, իսկ կոնտակտավորների թիվը բավականին մեծ է:

ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնից «Goris Today»-ին տեղեկացրին, որ այս պահին բաժնի աշխատակիցները, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողներն ու առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն անհրաժեշտ աշխատանքներ են տանում կորոնավիրուսով վարակված նոր դեպքերի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ՝ նրանց մեկուսացնելու նպատակով:

Ոստիկանության Գորիսի բաժնի փոխանցած տվյալների համապատասխան, հուլիսի 1-ի և 2-ի ստուգումների արդյունքում, դիմակ չկրելու համար 50 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն։ Վերջին շրջանում հաստատված վարակակիրների անմիջական կոնտակտավորներից ոմանք խախտել են պարտադիր ինքնամեկուսացման պահանջը, ինչի փաստով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: «Երեկ՝ հուլիսի 1-ին, պարտադիր ինքնամեկուսացման պայմանը խախտելու հիմքով արձանագրություն է կազմվել Գորիսի բազմաբնակարան շենքերից մեկի՝ նախկին հանրակացարանի բնակչի նկատմամբ, ով տուգանվել է 100.000 դրամով»,-այս մասին նշեցին ոստիկանության Գորիսի բաժնից:

Գորիսի վարակակիրները բուժում են ստանում «Կապան» ԲԿ-ում և Երևանի բժշկական կենտրոններում, ինչպես նաև կան վարակակիրներ, ովքեր մեկուսացված են տնային պայմաններում:

Հարգելի՛ ընթերցողներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գորիսում ավելանում է վարակակիրների, մեծանում կոնտակտավորների թիվը, ինչպես նաև այն հանգամանքը, որ օջախները տարբեր են, կրկին կոչ ենք անում՝ գիտակցել խնդրի լրջությունը, հորդորում ենք.

*կրել դիմակ
*պարբերաբար ախտահանել ձեռքերը 
*պահպանել մեկուկես մետր սոցիալական հեռավորություն
*տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
*սահմանափակել շփումները
*տանը, դրսում, աշխատավայրում, խանութներում պահպանել սահմանված կանոնները
*տաքսիներում և երթուղային տաքսիներում պահպանել սահմանված կանոնները
*չկազմակերպել զանգվածային միջոցառումներ
*չմասնակցել զանգվածային միջոցառումների
*խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական *հիգիենայի կանոնները:

Դիտվել է 16624անգամ
Վերջին լուրեր