03 / Ապրիլ / 2020 : 15-04

Սինգապուրը հայտարարել է Covid-19-ի տարածումը կանխելու համար ավելի խիստ միջոցների ձեռնարկման մասին. Independent

 

Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը հայտարարել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ավելի խիստ միջոցների ձեռնարկման մասին, հայտնում է Independent-ը:
Ըստ նրա` նոր միջոցները ստացել են «ավտոմատ անջատիչ» անվանումը, եւ հայտարարվում են մեկ ամսով:

«Առաջին հերթին, մենք կփակենք աշխատատեղերի մեծ մասը, բացառությամբ հիմնական ծառայությունների եւ տնտեսության կարեւորագույն ոլորտների: Պարենային ձեռնարկությունները, շուկաները եւ սուպերմարկետները, կլինիկաները եւ հիվանդանոցները, կոմունալ ծառայությունները, տրանսպորտը եւ հիմնական բանկային ծառայությունները բաց կմնան»:

«Մենք նաեւ չպետք է վնասենք այն տնտեսական ոլորտներին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն կամ համաշխարհային մատակարարման ցանցի մաս են կազմում: Այս ոլորտներում աշխատող մարդիկ կարող են շարունակել աշխատել` հետեւելով սոցիալական հեռավորության պահպանման կանոններին: Բայց մյուս աշխատատեղերի մեծ մասը պետք է փակվի»,- հավելել է նա: Աշխատատեղերի փակումը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի:

«Երկրորդը, մենք կանցնենք նաեւ դպրոցների եւ համալսարանների համար լիարժեք տնային ուսուցման: Երրորդը, մենք կխստացնենք տեղաշարժման եւ մարդկանց կուտակումների սահմանափակումները: Սա երեք բանի է հանգեցնում. մնացեք տանը հնարավորինս երկար, խուսափեք ձեր ընտանիքի սահմաններից դուրս այլ մարդկանց հետ շփումից, փողոց դուրս եկեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում»:
Հինգշաբթի օրվա դրությամբ Սինգապուրում COVID-19-ի 1 049 դեպք է ախտորոշվել:

Դիտվել է 12134անգամ
Վերջին լուրեր