Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հուլիս / 2020 : 19-20

Հուլիսի 1-ից սկսած վեց անգամ բարձրացել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը․ Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է․

«Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեր կարևորագույն խնդիրներից է։ Դեռևս անցած տարվա սեպտեմբերին հայտարարել էի, որ 2020թ․-ից մեկնարկելու ենք ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր (https://bit.ly/31M9ZAs)։

Այսպիսով, հուլիսի 1-ից սկսած․

Վեց անգամ բարձրացել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից 300 հազար դրամ։

Երկու անգամ բարձրացել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից 300 հազար դրամ։
Արդյունքում ծնողները կկարողանան հոգալ երեխայի ծննդյան հետ կապված նախնական միանվագ ծախսերը։

Զգալիորեն բարձրանում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին տրվող ամենամսյա նպաստի չափը․

Քաղաքաբնակ աշխատող ծնողին՝ 18․000 դրամից 26․500 դրամ:
Գյուղաբնակ աշխատող ծնողին՝ 18․000 դրամից 26.500 դրամ:
Գյուղաբնակ աշխատող ծնողին, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 18․000 դրամից 53․000 դրամ:
Գյուղաբնակ չաշխատող ծնողին, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 0 դրամից (նախկինում աջակցություն չէին ստանում) 26․500 դրամ։

Կատարվել են նաև մի քանի այլ փոփոխություններ։

Վերացվել է նպաստը նշանակելու համար ծնողի ՀՀ-ում գտնվելու պահանջը: Այսինքն ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստի վճարումը չի դադարեցվի:

Օտարերկրյա պետությունում երեխայի ծննդի գրանցումն իրականացնելու դեպքում այդ պետությունում նպաստ նշանակած չլինելու վերաբերյալ տեղեկանք այլևս չի պահանջվի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար:

Եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում ծնողը չի դիմել նշանակված նպաստը ստանալու համար և այն վերադարձվել է պետական բյուջե, ապա նպաստի գումարը հնարավոր կլինի ստանալ հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում:

Հաջորդիվ կանդրադառնամ նաև երեխա ունեցող ընտանիքիների բնակարանային ապահովմանը վերաբերող նոր ծրագրերին»։

Դիտվել է 13038անգամ
Վերջին լուրեր