Քոչարյանի գործով ՍԴ նիստն այսօր է. ՈՒղիղ
Սահմանադրական դատարանի այսօրվա նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաև Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործի քննությունը:
Հուլիսի 3-ին Ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը և խորհրդարանին տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև տալ ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։
ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը «Ազատությանը» փոխանցել է, որ Ազգային ժողովի դիմումը դեռ չի քննարկվել, կքննարկվի առաջիկա աշխատակարգային նիստի ընթացքում: Ղազարյանը չի բացառել, որ եթե մինչև նիստի մեկնարկը՝ 11:00-ն, աշխատակարգային նիստ չլինի, երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի քննությունը կկազմակերպվի առանց ԱԺ-ի հետաձգման վերաբերյալ դիմումի քննության։
Հիշեցնենք՝ Քոչարյանի փաստաբանական թիմը օրերս ՍԴ-ից հետ վերցրեց իրենց դիմումը, սակայն ՍԴ-ի վարույթում կա ևս մեկ դիմում, որը 2019 թվականի մայիսի 18-ին ներկայացրել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը նույն օրը որոշում կայացրեց Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին, իսկ մայիսի 20-ին նույն Դավիթ Գրիգորյանը կասեցրեց գործի վարույթը և այն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։