Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հուլիս / 2020 : 16-22

Թեստավորում կատարելուց հետո քաղաքացիների թեստերի արդյունքները հիվանդանոցում կորցրել են և միայն 7 օր անց են հայտնել պատասխանները. պատգամավոր

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Քաղաքացիները թանկ են վճարում Կովիդ-19-ի դեմ պայքարելու համար...

Ինձ է դիմել քաղաքացի Արա Նազարյանը՝ հայտնելով, որ իրենց ամբողջ ընտանիքը Կովիդ-19-ով է վարակվել: Ծնողների բուժումը տանն է կատարվել, դեղորայքի և բուժքրոջ համար վճարել են 250 հազար ՀՀ դրամ, տան անդամներին համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) համար ևս վճարել է Արա Նազարյանը՝ 160 հազար ՀՀ դրամ:

Տանը բուժում ստանալուց հետո ծնողների վիճակը չի բարելավվել, տեղափոխել են հիվանդանոց՝ հիվանդանոցային պայմաններում բուժումն իրականացնելու:

Թեստավորում կատարելուց հետո ծնողների թեստերի արդյունքները հիվանդանոցում կորցրել են և միայն 7 օր անց հայտնել են, որ թեստի պատասխանները բացասական են, որից հետո դուրս գրվելու համար քաղաքացիներից պահանջել են մոտ 500 հազար ՀՀ դրամ: Արա Նազարյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, նամակ է ուղարկել նաև նախարարի ֆբ էջին, հարցին որևէ լուծում չի տրվել, նախարարը չի արձագանքել ֆբ հաղորդագրությանը:

Նշեմ, որ քաղաքացին բախվել է նաև մեկ այլ խնդրի. քանի որ բնակվում է Երևանում, բայց գրանցված է մարզում, հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում հրաժարվել են թեստավորում իրականացնել՝ պահանջելով, որ Կովիդով 19-ով վարակված հիվանդը գնա Գյումրի կամ համատիրությունից փաստաթուղթ ներկայացնի:

Ինքս անձամբ քաղաքացու բարձրացրած խնդրով դիմել եմ նախարարին՝ հաղորդագրություն ուղարկելով նրա ֆբ էջին: Ավելացնեմ նաև, որ ես նույնպես որևէ պատասխան չեմ ստացել նախարարից:

Առողջապահության ոլորտի պատասխանատուների աշխատանքի գնահատականը թողնում եմ քաղաքացիներին»։

Դիտվել է 9049անգամ
Վերջին լուրեր