Հայաստանի քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ. Նիկոլ Փաշինյան
«ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»,- այսօրվա կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այդ նպատակով պետք է ապահովեն քաղաքացիների գիտակցության բարձրացումը՝ այդ թվում նաև վարչական մջոցներով:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միայն մեկ օրում աշխարհում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են հարյուր հազարը։ Փաշինյանը նշեց, որ աշխարհում ընդհանոր դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը։
«Երկրներ, որոնք հայտարարել էին, թե հաղթահարել են կորոնավիրուսը, ցավոք, վերադառնում են կրկին համաճարակի ամենաակտիվ փուլ։ Ես ուզում եմ ընդգծել, որ երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ հաստատված է համարում՝ օդի միջոցով վարակը կարող է տարածվել, սա այն է, ինչի վերաբերյալ մենք նախորդ շաբաթ, հիմնվելով գիտական նոր տվյալների վրա, հայտարարել էինք ու այս առումով կարևորվում է դիմակների կրումը, այդ թվում, բաց տարածքներում», - ընդգծեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում համավարակը նույնպես շարւնակվում է տարածվել, երեկ 526 դեպք է գրանցվել, կորոնավիրուսի հետևանքով մահերի դեպքերը հասել է 535-ի, այլ պատճառներով մահացել է 170 հոգի։
«Ես կրկին ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը, այն է՝ սովորել ապրել այնպիսի կանոններով, որոնք թույլ կտան զրոյացնել նոր դեպքերի թիվը կամ մոտեցնել զրոյի», - ասաց նա։
Անդրադառնալով պարետի նախօրեին ընդունած որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ որոշ հիվանդությունների դեպքում դիմակի կրելու բացառումներ են արվել և նկատեց, որ կարծիք կա, որ մարդիկ զանգվածաբար կսկսեն չկրել դիմակներ: Վարչապետը Տիգրան Ավինյանին առաջարկեց պարզաբանումներ տալ, բայց և ինքը միանգամից բացատրեց, որ այդ հիվանդները պետք է իրենց մոտ բժշկական փաստաթուղթ ունենան, այլապես կտուգանվեն: