Վարչապետի նոր գրառումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե'ս-
Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես:
Վահան Տերյան
Մենք սերել ենք հայկական լեռնաշխարհում, Հայկ նահապետից և մեր անունն է հայ:
Մենք հետնորդներն ենք Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության:
Մենք ճանաչում ենք Հայկական ԽՍՀ բացառիկ դերը Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի, արդյունաբերության զարգացման գործում:
Մենք Հայաստանի Երրորդ Հանրապետության Հպարտ քաղաքացիներն ենք, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հիմնադրած և Արցախն ազատագրած հայ ժողովրդի զավակները:
Հայաստանի Հանրապետությունը Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է:
Հայաստանի Հանրապետությունը համահայկական պետություն է և ներկայացնում է աշխարհի բոլոր հայերին:
Հայ ժողովուրդը պատմական բազմաթիվ արհավիրքներ հաղթահարելու և 21-րդ դար հասնելու ուժ և կարողություն է ձեռք բերել այն հմտությունների, գիտելիքի և հատկանիշների շնորհիվ, որոնք զարգացրել է պետականություն ունենալու շրջանում: Այս պատմական գիտակցության վրա հենվելով է, որ հայ ժողովուրդը Մեծ եղեռնից անմիջապես հետո կարողացավ վերստեղծել իր անկախ պետությունը:
Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է:
Հետևաբար՝ Հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետև հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան:
Ազգային արժեքներ
Հայ ժողովրդի ազգային արժեքներն են՝
- Հայոց պետականությունը. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը-հայոց բանակը:
- Հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:
- Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:
- Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:
- Հայրենիքը, ընտանիքը, անհատը:
- Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը:
- Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային, էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:
- Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ:
- Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ: Եղբայրական զգացմունքները և հարաբերությունները Հայաստանում և Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիությամբ:
- Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի՝ վերը նկարագրված ազգային արժեքները:»։