Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հուլիս / 2020 : 12-41

«Վախենում ենք, որ ադրբեջանցիներն են գողացել»․ Գորայք գյուղում քաղաքացի է կորել

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը հուլիսի 8-ի առավոտյան ժամը 10։00-ից հետո գնացել է անասունների հետևից և չի վերադարձել։ Սարդարյանի հարազատներից Թեհմինա Գրիգորյանը 24News-ի հետ զրույցում պատմեց, որ մինչև այսօր ո՛չ Սարդարյանը կա, ո՛չ էլ իր ձին։

«Սարդարյանն անասունները պահում էր Գորայքի սահմանին կից՝ Սյունիքից դեպի Երևան տանող ճանապարհահատվածի արոտավայրերում, ավելի հայտնի են Շաղատի արոտավայրեր անունով։ Գիտենք, որ արոտավայրին կից ադրբեջանական դիրքեր կան։ Փրկարարներն էլ են աշխատել գիշերը ժամը 1։30-ից մինչև այսօր ժամը 14։50-ի դրությամբ, սակայն ոչինչ չեն գտել։ Տեղյակ ենք, որ դադարեցրել են աշխատանքները, սակայն չեն հայտնել դադարեցման պատճառը։ Չգիտենք՝ սահմանը հատե՞լ է, թե ոչ, չգիտենք՝ ում դիմել», - մանրամասնեց Թեհմինա Գրիգորյանը։ 

Նրա խոսքով՝ Սարդարյանի ընտանիքը շատ վատ վիճակում է տեղի ունեցածի պատճառով։ Նարեկ Սարդարյանին վերջին անգամ առավոտյան տեսել են մի քանի հովիվներ, այլևս ոչ մի տեղեկություն չի եղել, հետո էլ բջջային հեռախոսահամարն անհասանելի է դարձել։ Ըստ նրա՝ 30-ամյա Նարեկ Սարդարյանը ոչ մի առողջական, ընտանեկան խնդիր չի ունեցել։ 

«Կասկածներ ունենք, որ նրան գողացել են ադրբեջանցիները, հատել է սահմանն առանց իմանալու։ Մտավախություն ունենք, որ հնարավոր է, հասել է ադրբեջանցիների մոտ, Նախիջևանում է։ Նա և մյուս անասնապահները 10-15 օր է, ինչ անասուններին այդ տարածքներում էին պահում։ Բոլոր գյուղացիները մասնակցել են որոնողական աշխատանքներին, ոչինչ չեն գտել, բայցի անասուններից, որ անտեր էին մնացել, բերել, տեղավորել են, հետո էլի սկսել որոնել։ Ստացվում է՝ ՀՀ քաղաքացին չի կարող սեփական հողում հանգիստ ապրել», - նշեց Սարդարյանի հարազատը։ 

Թեհմինա Գրիգորյանը պատմեց նաև, որ դիմել են Կարմիր խաչին, պատասխանել են, որ դեռևս քննարկում են  և ավելի ուշ կապ կհաստատեն իրենց հետ։ 

Ոստիկանությունից տեղեկացրին, որ որոնողական աշխատանքներ են կատարում, դեռևս որևէ տեղեկություններ չկան։

Դիտվել է 23369անգամ
Վերջին լուրեր