12 / Հուլիս / 2020 : 14-33

«Ես հաճախ եմ դառնում դեպի իմ մանկական հիշողությունները, որոնք մինչև օրս խոր հետք են թողնում ինձ վրա». Մարտիրոս Սարյան

 

«Ես հաճախ եմ դառնում դեպի իմ մանկական հիշողությունները, որոնք մինչև օրս խոր հետք են թողնում ինձ վրա: Չեմ թվելու այն ամենը, որոնք այնքան շատ են հուզել իմ հոգին ու մնացել են իմ ներսում, շատ բան նույնիսկ մոռացել եմ, բայց պետք է հիշեցնեմ այնպիսի մի կարևոր հանգամանքի մասին, ինչպիսին որ ինձ համար ինքը՝ բնությունն է: Անսահման երկինքն ու լայնատարած տափաստանը՝ հողաթմբերով ու հեռավոր հորիզոններում նշմարվող «միրաժային գագաթներով» թույլ էին տալիս ուսումնասիրել բնության բոլոր երևույթները՝ կապված ոչ միայն տարվա եղանակների, այլ նաև առավոտվա, գիշերվա, ցերեկվա ու երեկոյի հետ: Այդ ամենի հանդեպ մանկական հասկացողությունը աննկարագրելի մեծ ու երևակայական է: Դեպի հողաթմբեր բարձրացող հարթություններով ու կանաչ մարգագետիններին աճած խիտ ու սլացիկ եղեգներով հոսում էին գետերը, իսկ թմբերի տակ գորգի պես տարածվում էին հացահատիկի դաշտերը: 

Ահա և վերջապես արևից ու օդից խանձված աշխատող գյուղացին՝ ոտքերի ու ձեռքերի ճաքած ու կոշտուկավոր մաշկով, որոնց վրայի ձյութը խտտացնում էր մեր ռունգերը: Անթիվ-անհամար ծաղիկներ ունեցող հսկա խոտերը՝ իրենց առաջ թռվռացող միլիոնավոր երփներանգ թիթեռնիկներով ու իրենց ոտքերի տակ ծվարած կամ արևի տակ տաքացող մողեսներով: Պայծառ արևը, ուժասպառության հասցնող շոգ օրերին արնախում միջատների հսկա բանակը երբեմն կատաղի հալածում էին եղջերավոր անասուններին կամ մի կծիկ դարձնում գառների հոտին: Գզգզված գամփռերը փոսերն էին մտնում, որպեսզի թաքնվեն տապից ու պնդաճակատ ճանճերից: Իսկ մենք՝ փոքր երեխաներս, շոգից ուժասպառ, թաքուն բարձրանում էինք արգելված պլանտացիաներ, որպեսզի հագեցնենք մեր ծարավը հյութալի սեխերով ու ձմերուկներով: Այդ ամենն իմ մանկական զվարճանքի մի մասն էին: Ահա թե որտեղից էի ես քաղաք եկել արդեն որպես 8-ամյա տղա»։


ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ, ՀՈՒՇԵՐ 

Author's cover photo
Ամսաթիվ 12 / Հուլիս / 2020 : 14-33
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 27539անգամ
Վերջին լուրեր