15 / Հուլիս / 2020 : 20-06

Տավուշում տեղադրվել է նոր խաչքար մարտական հենակետի կողքին

Հուլիսի 13-ին, երբ քաջարի տղաները խիզախ ոգով հակառակորդին ևս մեկ անգամ արժանի հակահարված էին տալիս, Տավուշի Արծվաբերդ գյուղում ռազմական գործողությունների ներքո կատարվում էր Աշոտ Չոբանյանի նախաձեռնությամբ ստեղծված խաչքար-կոթողի օծման արարողակարգը:

Այն նվիրված է մեր հայրենիքի պաշտպանությանը, իրենց կյանքը զոհաբերած հայ ազատամարտիկներին, արյան գնով ողջ մնացած մեր հերոս տղաներին, որոնք իրենց ամենօրյա ծառայությամբ մեզ պարգևում են խաղաղ երկինք և հաղթանակած բանակ: Տավուշի հենակետերից մեկի կողքին  տեղադրվեց ևս մեկ խաչքար, որը դարեր շարունակ մեր հավատքի խորհրդանիշն է:

 

Խաչքարի տեղը պատական չէր ընտրված, այն տեղացիները համարում են սրբատեղի, որտեղից ամեն զինվոր դիրքեր բարձրանալուց առաջ նախ խաչակնքվում է:

Այս օրերին առկա լարված պայմաններում այն դարձավ մեր անսասան ուժի և հավատքի խորհրդանիշը:

Տավուշցիների ոգին անկոտրում է: Տեղացիները նշում էին, որ թեև այս պահին տղաներից շատ հեռու չեն, բայց հարկ եղած դեպքում կլինեն հենց նրանց կողքին:

Խաչքարի բացման և օծման արարողությանը ներկա էին հոգևոր թեմի առաջնորդները, գյուղապետ Օնիկ Բալյանը, հրամանատար Ամասիկ Բաբասյանը, խաչքարի քանդակագործ Արմեն Բուլղադարյանը: Բոլոր ներկաները հայտնեցին իրենց շնորհակալությունը խաչքարի ստեղծման համար:

 

Օծման արարողությունից հետո Տեր Արամ քահան Միրզոյանը հնչեցրեց նաև ոգեկոչման ձոն՝ նվիրված մեր հաղթանակած բանակին և քաջարի հայ զինվորներին:  

Խաչքարի հեղինակ և քանդակագործ Արմեն Բուլղադարյանը, ներկայացնելով զարդանախշերը, նշեց, որ դրանք խորհրդանշում են մեր ծաղկուն ապագան:

Ամբողջ արարողությունը անցել է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարված իրադրության պայմաններում: Խիզախ զինվորները անառիկ էին պահում մեր սահմանները՝ թիկունքում զգալով հայ հավատքի զորությունը:    

Կ. Հախնազարյան

 

Աղբյուր՝ yelaket.am

Դիտվել է 45998անգամ
Վերջին լուրեր