16 / Հուլիս / 2020 : 13-54

 Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք. Տավուշի մարզպետ

 

Այս պահին հարաբերական անդորր է։ Այդ մասին Իջևանում ճեպազրույցի ժամանակ ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ։ Առանձնահատուկ ուզում եմ նշել Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը։ Վնասվել է ջրագիծ, որի վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են: Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք»,- ասել է մարզպետը:

Մարզպետը շնորհակալություն է հայտնել բնակչությանը կազմակերպված գործելու համար: Գույքագրման հանձնաժողով է կազմվել, որը ամենօրյա տեղեկություն է փոխանցելու, և վաղվանից սկսելու են բնակարանների վերակառուցումը:

Մարզպետը նշում է, որ այն բնակարանների փոխարեն, որոնք հնարավոր չի լինի վերականգնել, կկառուցեն նորը: Մարզպետը վստահեցնում է, որ սեղմ ժամկետներում բնակարանները վերականգնված են լինելու:

«Մենք այս պահին ունենք հաշվառած առնվազն 30 բնակարան կամ առանձնատուն, որոնք վերականգնման կարիք ունեն: Այդ աշխատանքները սկսելու ենք անմիջապես։ Մենք որոշում ենք կայացրել նաև միանվագ դրամական օգնություն ցուցաբերել այս ընտանիքներին»,- հավելել է նա:

Դիտվել է 7099անգամ
Վերջին լուրեր