16 / Հուլիս / 2020 : 22-06

Սխրանքներդ պատմեմ քո բարբառով․ Սահյանը՝ Շամշադինի մասին

Ի՞նչ Շամշադին
Ես քեզ անտառաբերդ ասեմ,
Անտառաբերդ ասեմ, անտառի երթ,
Խոնարհ, Խոհուն, խաղաղ անճառաբերդ ասեմ,
Եվ սարաբերդ ասեմ, և սիրաբերդ
Հետո գավաթն առնեմ ու կենացիդ
վրա քեզ սրտաբաց ասեմ,
Քեզ արդար հաց ասեմ,
քեզ կաթի սեր ասեմ և մեղրի ծոր։

Հետո բաժակն առնեմ ու կենացիդ վրա
Քեզ այգեսար ասեմ, այգեանտառ ասեմ,
այգեբլուր ասեմ և Այգեձոր
Հետո դառնամ ու քեզ Պառավաքար ասեմ
Եվ Ծաղկավան ասեմ, և Չինարի
Եվ շինարար ասեմ, և շինական ասեմ
Առաքինի ասեմ՝ մեղմ ու բարի
Պատմությունդ հիշեմ, քեզ Տավուշ բերդ ասեմ
Վարագավանք ասեմ, Խորանաշատ
Հետո դառնամ ու քեզ քաջերի երթ ասեմ
Ցորենաշատ ասեմ խոնարհաշատ,
Քո հնին հին ասեմ, և նորին նորն ասեմ
Թող չլինի ոչինչ միտումնավոր,
Ես քեզ հնձվոր ասեմ, ես քեզ զինվոր ասեմ
Ուսումնավոր ասեմ և հիմնավոր:

Հիմա ականջդ բեր, էլի մի բան ասեմ՝
Խորհրդով ու խելքով քո բնության
Քեզ թանգարան ասեմ
Եվ տնկարան ասեմ խոնարհության,
խղճի ու բարության
Հետո առնեմ ու քեզ աշխարհամեջ հանեմ
Սխրանքներդ պատմեմ քո բարբառով
Ուր որ գնամ, ինձ հետ գինուդ գավը տանեմ,
Ես քո լավը տանեմ, քո համբավը տանեմ
Ես քո ցավը տանեմ, մնաս բարով…

Համո Սահյան

Author's cover photo
Ամսաթիվ 16 / Հուլիս / 2020 : 22-06
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 40613անգամ
Վերջին լուրեր