17 / Հուլիս / 2020 : 09-22

«Բռնապետական Ադրբեջանն առաջինն է հարձակվել, որ ունեցել է մարդկային ու ռազմավարական կորուստներ և դրանք թաքցնում է իր ժողովրդից»

Վահե Բադումյանը իր էջում գրում է․

«Դարպասների մասին

Այս օրերին սոցցանցերում մի գրառում է պտտվում, որը ներկայացնում է երկու դարպաս՝ ծածկված հրազենի հետքերով, մեկն Այգեպարում՝ Հայաստանի տարածքում, մյուսը Աղդամում՝ Ադրբեջանի տարածքում։
Գնդակների հետքերով դարպասների համադրությունը մի ակնհայտ ուղերձ ունի, ցույց տալ կոնֆլիկտի կողմերի նմանությունը, հիշեցնել, որ սահմանի երկու կողմում էլ գյուղերը կրակի տակ են և, որ դրա երկու կողմն էլ կորուստներ են ունենում։


Եվ թվում է՝ այս պարզ ու մարդկային ճշմարտության մեջ ոչ մի վատ բան չկա։ Չէ՞ որ պաշտոնական Հայաստանի ու Ադրբեջանի փոխանակած մեղադրանքներն էլ հայելային նմանություն ունեն, մենք ասում ենք, որ բռնապետական Ադրբեջանն առաջինն է հարձակվել, որ ունեցել է մարդկային ու ռազմավարական կորուստներ և դրանք թաքցնում է իր ժողովրդից, Ադրբեջանը ճիշտ նույնն է ասում մեր մասին։

Ուրեմն, գուցե իրո՞ք, երկու կողմը շատ նման են՝ ինչպես հայկական ու ադրբեջանական գյուղերի կանաչ ու կապույտ դարպասները։
Բայց այսօրինակ գրառումների հեղինակները, որոնք դատապարտում են պատերազմը, տարածում են ադրբեջանցի որբերի նկարներ ու դարպասներ են համադրում, մի կարևոր բան են մոռանում․ չեն կարող կռվի երկու կողմն էլ նախահարձակ լինել և չեն կարող երկու կողմն էլ լինել բռնարար կամ զոհ։ Եվ եթե մենք հավասարության նշան ենք դնում ագրեսորի և տուժողի, շահագործողի ու շահագործողի միջև, ակամայից բռնում ենք «ուժեղի» կողմը։ Հավասարությունը շատ տարբեր է արդարությունից։


Ինքնին փաստը, որ Հայաստանում և Ադրբեջանում ծակ դարպասներ կամ կռվից տուժածներ կան մի բան է, այլ բան է մամուլի կամ սոցցանցի գրառումը այդ մասին։ Քանի որ պատկերներն ընդամենը անմեղ տեղեկատվության կրիչներ չեն, դրանք, հաճախ մեր կամքից անկախ, ասում են ավելին, քան մենք տեսնում ենք։ Օրինակ՝ որ Հայաստանն ու Ադրբեջանը կոնֆլիկտի երկու հավասար կողմ են, որոնք վայրենու պես մի կտոր հող չեն կիսում իրար հետ, ինչպես հաճախ տեսնում են մեզ խնդրից անտեղյակ օտարականները։


Բայց դարպասի նկարները լռում են կարևոր բաների մասին, դրանք ոչինիչ չեն ասում Բաքվի ու Սումգայիթի ջարդերի, հայերի ինքնորոշման և անվտանգության խնդրի, Ղարաբաղյան շարժման ու ազատագրական պայքարի մասին։ Դարպասի նկարներն ու գրառումները ոչինչ չեն ասում կողմերի տարբերությունների մասին․․․


Եվ ուրեմն մենք պատասխանատու ենք ոչ միայն մեր հրապարակած գրառումների հավաստիության համար, այլև դրանց ուղերձների՝ ասվածի ու հատկապես չասվածի համար, առնվազն մեր լսարանների առաջ»։

Դիտվել է 10507անգամ
Վերջին լուրեր