Քոբի Բրայանթի այրին առաջին գրառումն է արել ողբերգական ավիաաղետից հետո

«Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային ակումբի լեգենդար մարզիկ Քոբի Բրայանթի կինը՝ Վանեսան, ամուսնու և 13-ամյա դստեր ողբերգական մահից հետո առաջին ինստագրամյան գրառումն է արել՝ խոսելով ողբերգության մասին:
Կինն ընտանեկան լուսանկար է հրապարակել ամուսնու և չորս դուստրերի հետ՝ նշելով, որ «անսպասելի կորուստն ամբողջովին կոտրել է իրենց»:


«Պաշտելի ամուսինս՝ Քոբին, հրաշալի հայր էր մեր երեխաների համար, իսկ իմ գեղեցկուհի, քաղցրիկ Ջիանան սիրող, ողջամիտ, հրաշալի դուստր էր և շատ լավ քույր»,-գրել է Վանեսա Բրայանթը՝ հավելելով, որ «բառերը բավարար չեն իրենց ապրած ցավը պատմելու համար»: «Ինձ հանգստացնում է այն միտքը, որ Քոբին և Ջիջին միշտ էլ իմացել են՝ որքան շատ ենք իրենց սիրում: Մենք օրհնված ենք եղել մեր կյանքում այդպիսի մարդիկ ունենալու համար»,- հավելել է կինը:


Նա նաև գրել է, որ «ընտանիքը կշարունակի փորձել առաջ գնալ՝ իմանալով, որ Քոբին և Ջիջին վերևից լուսավորելու են իրենց ճանապարհը»:
Բացի այդ, Վանեսա Բրայանթը ցավակցություն է հայտնել տեղի ունեցած աղիաաղետի հետևանքով մյուս յոթ զոհերի ընտանիքներին:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լոս Անջելեսում խիտ մառախուղի հետևանքով տեղի ունեցած ավիաաղետը խլել է 41-ամյա Բրայանթի, նրա 13-ամյա դստեր և ևս 7 մարդու կյանք: Ուղղաթիռի ղեկին եղել է փորձառու օդաչու Արա Զոբայանը, որն ունեցել է Բրայանթի վստահությունն ու հաճախակի է սպասարկել մարզիկին, նրա ընտանիքին:
