Կառավարությունը կփոխհատուցի միայնակ տարեցների կոմունալ ծախսերը․ ովքեր են շահառուները
Կառավարությունը կփոխհատուցի միայնակ տարեցների կոմունալ ծախսերը: Համապատասպան որոշումը կայացվեց այսօրվա կառավարության նիստում:
ՀՀ աշխատանքի և սոցիական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց նախագիծ, որը վերաբերում է սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելուն:
«ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում այսօրվա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ը միայնակ են: Նախագծի ընդունման արդյունքում փոխհատուցում կտրամադրվի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշառուներին՝ նրանց սպառած գազի, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման վարձավճարների դիմաց: Յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման չափը կսահմանի ՀՀ կառավարությունը»,-ասաց Բաթոյանը:
Ըստ համապատասխան որոշման 74 միայնակ թոշակառուի կոմունալ վճարները կվճարի պետությունը՝ հատկացնելով տարեկան 144.000 դրամ։
Զարուհի Բաթոյանը նշեց, որ հաշվարկներն արվել են նախորդ երկու տարիների սպառման ցուցանիշները նկատի ունենալով:
Դրանց համապատասխան կումունալ ծախսերը միջինը կազմել են 12 հազար դրամ: Կառավարությունը հույս ունի, որ դա բավարար կլինի ամբողջությամբ փոխհատուցման համար:
Ամեն դեպքում նախարարն ասաց, որ ամեն տարի, եթե անհրաժեշտություն լինի, վերանայումներ կլինեն: