Ինքնամեկուսացումը բանտարկություն չէ. կորոնավիրուսով վարակակիրը պատմում է հիվանդության ընթացքի մասին

Այս օրերին համացանցում ամենաշատ փնտրվող բառը թերևս կորոնավիրուսն է: Թեև մամուլն այս օրերին զրկված է հասարակությանը տեղեկատվություն տալու իր ամբողջ ռեսուրսն օգտագործելու հնարավորությունից, սակայն սոցիալական ցանցերում հաճախ կարելի է հանդիպել ինչպես վիրուսի, այնպես էլ այս պահին մեկուսացման մեջ գտնվող կամ բուժում ստացող մեր հայրենակիցների տրամադրության և պայմանների մասին գրառումներ:
ArmDaily.am-ը զրուցել է Աղավնաձորում մեկուսացած մեր հայրենակցի հետ, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:
Մեր զրուցակիցը, ում ինքնությունը չենք բացահայտում՝ հարգելով անձնական եւ բժշկական գաղտնիք ունենալու իրավունքը, արդեն 20 օր է, գտնվում է Աղավանձորում, 6 օր առաջ թեստի պատասխանը եղել է դրական: «Ազգակիցս աշխատում է Շենգավիթի արտադրամասում: Երբ մեզ հյուր էր եկել, դեռևս տեղյակ էինք միայն Էջմիածնի դեպքից, բայց որպես պատասխանատու քաղաքացի, ես որոշել էի ինքնամեկուսանալ:
Հետո արդեն, երբ պարզվեց որ վարակի դեպք կա նաև արտադրամասում և ազգակիցս էլ վարակվածներից մեկն է, իր շփման շրջանակին անմիջապես մեկուսացրին: Ինձ մոտ հայտաբերվեց վարակը, ծնողներիս մոտ՝ ոչ, որքան էլ որ մի տան մեջ ենք ապրում: Ես փաստացի չունեմ շփման շրջանակ քանի որ ի սկզբանե մեկուսացել էի, շփվել եմ միայն ծնողներիս հետ, բարեբախտաբար վարակը նրանց չի փոխանցվել»,-նշեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերվում է հիվանդության ընթացքին, նրա խոսքով՝ իր մոտ ախտանիշներ ոչ հիմա կան, ոչ էլ եղել են սկզբնական օրերին:
«Հիվանդությունն ինձ մոտ շատ թեթև է անցնում, անգամ ջերմություն չեմ ունեցել և չունեմ, այս 20 օրերի ընթացքում մեկ անգամ միայն բարձրացավ 37.3-ի, սակայն 15 րոպե հետո, երբ կրկին չափեցի, արդեն իջել էր: Կարծում եմ, թեթև ընթացքին նպաստում է նաև այն, որ ծխող չեմ, հետևաբար թոքերի հետ կապված բարդացում ինձ մոտ չեղավ, սա երևի պիտի ևս մեկ անգամ առիթ դառնա, որ հասկանանք առողջ ապրելակերպի կարևորությունը»,-ասում է նա:
Մեր զրուցակիցը հորդորում է ինքնամեկուսացումը չդիտարկել որպես բանտարկություն, սարսափելի մի բան, այլ օրը հետաքրքիր անցկացնելու տարբերակներ գտնել և տանը մնալով չնպաստել վիրուսի տարածմանը:
«Շատերը մտածում են, որ մենք այստեղ բանտարկվածի կարգավիճակում ենք, իրենք էլ չեն ուզում լինել այդ վիճակում և փորձում են ամեն առիթ գտնել տնից դուրս գալու համար: Այստեղ կա հեռուստացույց, համացանցից օգտվելու հնարավորություն, գրքեր, այս ամենն օգնում են, որ ժամանակն արագ անցնի: Նույն կերպ կարել է տանը մնալով էլ հետաքրքրություններ գտնել և պարզապես դուրս չգալ: Վերջիվերջո, պետք չէ նաև մոռանալ, որ լավ տրամադրությունն ու լավատեսությունը օգնում են իմունային համակարգը բարձրացնելուն»:
Խոսելով բուժանձնակազմի, կամավորների մասին, նա ընդգծեց. «Այն մարդիկ, ովքեր այստեղ են, բարձր նվիրում ունեմ, ահռելի աշխատանք են իրականացնում, չնայած ամենառիսկային խմբում, առաջնագծում հենց իրենք են: Շատ բան կարելի է ասել նրանց մասին, բայց չեմ ուզում բառերով փոքրացնեմ այդ մարդկանց արած աշխատանքը: Այստեղ մեկուսացված են տարբեր բնավորություն, դաստիարակություն ունեցող մարդիկ, հասարակության բոլոր շերտերից մարդիկ կան, աշխատել այնպես, որ բոլորը գոհ լինեն շատ բարդ է, բայց նրանց մոտ ստացվում է»:
