Վարչապետի խոսնակը՝ «ադրբեջանական հաքերային հարձակման» մասին

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը այն տեղեկության վերաբերյալ, որ «ադրբեջանական հաքերային հարձակման» հետեւանքով ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգից կորզվել է մեծածավալ տեղեկատվություն, հայտնում եմ հետեւյալը.
ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։
ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու եւ պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ»,-նշել է նա։
Կարդացեք նաև առնչվող հրապարակումները
«Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց»
Ադրբեջանական հաքերները հրապարակել են «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալներ
