07 / Ապրիլ / 2020 : 15-16

Տխուր էր հայացքը սաստիկ, բայց ժպտաց... գեղեցիկ են աշխարհի բոլոր ժպիտները... 

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան 

Մի քիչ անհանգիստ էր, ասացի՝ պառկի։ Լսեց ինձ ու մտավ անկողին։ Հազիվ փակում էր աչքերը՝ հանկարծ հոգոց լսեց, ներքին մի ձայն. տնքտնքոց էր անզուսպ։ Ասացի կարեւորություն մի տուր, հոգնություն է, հանգիստ քնի... ու կանցնի։ Երբ արթնացավ, կարծես գամված լիներ անկողնուն, չէր ուզում վեր կենալ։ Չի կարելի էդպես՝ նախատեցի։ Վեր կացավ, աչքերը տրորեց, գնաց սառը ջրով լվացվելու։ Իսկ հիմա գիտե՞ս ինչ պիտի անես, պիտի ժպտաս՝ ասացի։ Տխուր էր հայացքը սաստիկ, բայց ժպտաց... գեղեցիկ են աշխարհի բոլոր ժպիտները, նայի՛ր, նայի՛ր, այնպես չէ՞, տե՜ս աչքերիդ փայլ եկավ։

Ժպիտիդ տակ տխրությունդ չթաքցնես, խորը շունչ քաշի... թող հեռանա քեզանից, դուրս փախչի, հոդս ցնդի, գնա՛ կորչի... Դու մենակ չես եւ ժպիտիդ կարիքը ունեն նաեւ ուրիշները՝ քո ամենասիրելիները... Ախր հասկանում ես չէ՞, որքան կարեւոր է քո ու նրանց համար նաեւ ներքին՝ հոգու ժպիտը։ Դուք մեկ ամբողջություն եք եւ միմյանց ուժը։

Ահա եւ պատրաստ ես նրանց դիմավորելու, ուրախ. միմիայն ուրախ թող տեսնեն քեզ, դա նրանց էլ կխաղաղեցնի... դրսում ցուրտ է մի քիչ, ներսում ջերմ թող լինի... ու ամեն օր։ Պատրա՞ստ ես։ Գիտեմ, որ անկարելի ոչինչ չկա։
Աշխարհում կյանքը այսօր է եւ հիմա, վաղը դեռ գոյություն չունի, քանի դեռ այսօրը չես ապրել ու ապրեցրել։

Չէ որ դու մայր ես։

Ասեմ քեզ՝ օրդ բարի, ու մի ժպիտ եւս պարգեւիր ինձ, լա՞վ... Ես այնքա՜ն շատ եմ ուզում քեզ ուրախ տեսնել եւ ուժեղ, չէ՞ որ կարող ես... այնպես չէ՞։
Հավատում եմ։

Մարիա Մարկոսյան

Author's cover photo
Ամսաթիվ 07 / Ապրիլ / 2020 : 15-16
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 24798անգամ
Վերջին լուրեր