Tesla-ն ցուցադրել է թոքերի արհեստական օդափոխման սարքերի առաջին նախատիպերը
Ամերիկյան Tesla ընկերության ինժեներները ցուցադրել են թոքերի արհեստական օդափոխման սարքի՝ սեփական արտադրության նախատիպի երկու տարբերակ:
Ընկերության ինժեներների խոսքով՝ սարքերի կառուցվածքը մեծամասամբ կազմված է Tesla-ի ավտոմոբիլային մասերից:
«Արհեստական օդափոխման սարքերի կառուցվածքում ընկերություններն օգտագործում են ավտոմեքենաների տարբեր դետալներ, այդ թվում՝ տեղեկատվական էկրանը և Model 3-ի համակարգիչը։ Սա կարագացնի մշակման և արտադրության գործընթացը»,-նշել է ինժեներներից մեկը:
Tesla-ի ինժեներ Ջոզեֆ Մարդալը հավելել է, որ իրենք ցանկանում են օգտագործել այն դետալները, որոնք իրենց լավ ծանոթ են և վստահաբար հուսալի են: Ըստ մասնագետի՝ դա թույլ կտա թոքերի արհեստական օդափոխման սարքերն արագ և մեծ ծավալներով արտադրել:
Հաշվի առնելով, որ ցուցադրված սարքավորումներն ընդամենը նախատիպն են, պարզ չէ, թե երբ ընկերությունը կսկսի սարքերի արտադրությունը։
Ավելի վաղ Մասկը Twitter-ում հայտնել էր թոքերի արհեստական օդափոխման սարքերի արտադրության մտադրության մասին։
«Մենք ջանք չենք խնայի, որպեսզի Նյու Յորքում տեղակայված գործարանը հնարավորինս արագ վերսկսի աշխատանքը թոքերի արհեստական օդափոխման սարքերի արտադրության ուղղությամբ»,- հայտնել էր Մասկը, որը մինչ այդ Կալիֆոռնիայի հիվանդանոցներին թոքերի արհեստական օդափոխման 1000 սարք էր նվիրաբերել։